ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ցելիակիա հիվանդություն

Ցելիակիա հիվանդություն

  • Ի՞նչ է ցելիակիա հիվանդությունը
  • Որո՞նք են ցելիակիայի ախտանիշները
  • Ո՞վքեր են ավելի հակված հիվանդանալու ցելիակիայով
  • Ի՞նչ առողջական այլ խնդիրներ ունեն ցելիակիայով հիվանդները
  • Ինչպե՞ս են ախտորոշում ցելիակիա հիվանդությունը
  • Ինչպե՞ս բուժել ցելիակիան
  • Սննդակարգ

Ի՞նչ է ցելիակիա հիվանդությունը

Ցելիակիա հիվանդությունը մարսողական և իմունային քրոնիկ խանգարում է, որը վնասում է բարակ աղիները: Հիվանդությունն առաջանում է գլուտեն պարունակող մթերքներ օգտագործելուց։ Գլուտենը սպիտակուց է, որը հայտնաբերվում է ցորենի, գարու և տարեկանի մեջ և տարածված է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են հացը, մակարոնեղենը, թխվածքաբլիթները և թխվածքները: Շատ ապրանքներ պարունակում են գլուտեն, օրինակ՝ նախապես փաթեթավորված մթերքներ, շուրթերի բալզամներ և շրթներկ, ատամի մածուկներ, վիտամիններ և սննդային հավելումներ և հազվադեպ՝ դեղամիջոցներ:

Ցելիակիան կարող է երկարատև մարսողական խնդիրներ առաջացնել և թույլ չտալ, որ ձեր մարմինը ստանա անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, ինչն էլ կարող է ազդել տարբեր օրգանների վրա:

Ցելիակիա հիվանդությունը տարբերվում է գլուտենային զգայունությունից: Եթե ձեր մոտ առկա է գլուտենային զգայունություն, ապա կարող եք ունենալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են որովայնի ցավը և հոգնածությունը: Ի տարբերություն ցելիակիա հիվանդության, գլուտենային զգայունությունը չի վնասում բարակ աղուն:

Ո՞վքեր են ավելի հակված հիվանդանալու ցելիակիայով

Ցելիակիան առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Ամենայն հավանականությամբ Ձեր մոտ կարող է զարգանալ ցելիակիա, եթե ձեր ընտանիքում ինչ-որ մեկն ունի այդ հիվանդությունը:

Ցելիակիան կարող է ախտահարել և երեխաներին և մեծահասակներին։ Միացյալ Նահանգներում ցելյակիան ավելի տարածված է սպիտակամորթ ամերիկացիների շրջանում, քան այլ ռասայական կամ էթնիկ խմբերի մոտ: Ցելիակիան ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:

Ցելիակիա հիվանդությունը ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի քրոմոսոմային խանգարումներ, ինչպիսիք են՝ Դաունի համախտանիշը, Թերների համախտանիշը և Ուիլյամսի համախտանիշը:

Ի՞նչ առողջական այլ խնդիրներ ունեն ցելիակիայով հիվանդները

Մասնագետները պարզել են, որ որոշ մարդիկ ունեն և՛ ցելյակիա, և՛ իմունային համակարգի հետ կապված այլ խանգարումներ: Այն ասոցացվում է աուտոիմուն այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետ տիպ 1, վահանաձև գեղձի հիվանդությունները, ռևմատիկ հիվանդությունները և այլն։

Որո՞նք են ցելիակիայի ախտանիշները

Ցելիակիա հիվանդության ախտանիշները շատ տարբեր են: Եթե դուք ունեք ցելիակիա, դուք կարող եք ունենալ մարսողական խնդիրներ կամ այլ ախտանիշներ: Մարսողական ախտանշաններն ավելի հաճախ են հանդիպում երեխաների, քան մեծահասակների մոտ: Ցելիակիա հիվանդության մարսողական ախտանշանները կարող են ներառել

  • փքվածություն, քրոնիկ փորլուծություն, երբեմն անգույն, մեծ քանակությամբ, և ոչ նորմալ, վատ հոտով
  • փորկապություն, գազ,
  • լակտոզայի անհանդուրժողականություն՝ բարակ աղիքների վնասման պատճառով
  • սրտխառնոց կամ փսխում
  • ցավ որովայնի շրջանում։

Ցելիակիա հիվանդությամբ երեխաների մոտ՝ սննդանյութեր, հանքային տարրեր, ճարպեր, վիտամիններ (A, D, E, K) ներծծելու անկարողությունը այն ժամանակ, երբ դրանք կարևոր են նրանց նորմալ աճի և զարգացման համար, կարող է հանգեցնել.

  • ատամների էմալ վնասմանը,
  • սեռահասունության հապաղմանը,
  • նորածիննների կամ երեխաների նորմայից պակաս քաշի առկայությանը,
  • տրամադրության փոփոխությունների կամ նյարդայնությանը,
  • դանդաղ աճի և կարճահասակությանը,
  • քաշի կորուստի

Ցելիակիայով հիվանդ որոշ մարդիկ ունեն ախտանիշներ, որոնք ախտահարում են այլ օրգաններ: Այս ախտանիշները կարող են ներառել.

  • հոգնածություն կամ հոգնածության զգացում,
  • հոդերի կամ ոսկորների ցավ,
  • հոգեկան առողջության խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան կամ անհանգստությունը,
  • նյարդային համակարգի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավերը, հավասարակշռության խնդիրներ, նոպաներ կամ ծայրամասային նյարդաբանություն,
  • կանանց և աղջիկների վերարտադրողական խնդիրներ, որոնք կարող են ներառել հղիության բարդություններ, անպտղության, դաշտանային անկանոնություն, կրկնվող վիժումները, տղամարդկանց անպտղության,
  • ախտանիշեր, որոնք կապված են բերանի խոռոչի հետ, ինչպիսիք են քաղցկեղային խոցերը, չոր բերան, կամ կարմիր, հարթ, փայլուն լեզու։

Ցելիակիայով հիվանդ մարդկանց մեծամասնությունն ունենում է մեկ կամ մի քանի ախտանիշ՝ նախքան ախտորոշումը և բուժումն սկսելը: Ախտանիշները սովորաբար բարելավվում են և կարող են անհետանալ այն բանից հետո, երբ մարդը սկսում է պահպանել առանց գլուտենի սննդակարգ: Սակայն ախտանիշները կարող են վերադառնալ, եթե մարդն սկսում է փոքր քանակությամբ գլուտեն օգտագործել:

Կախված նրանից, թե քանի տարեկան եք, երբ բժիշկն ախտորոշում է ձեր մոտ ցելիակիա, այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են կարճ հասակը և ատամների թերությունները, կարող են չվերականգնվել:

Ինչպե՞ս են ախտորոշում ցելիակիա հիվանդությունը

Բժիշկներն ուսումնասիրում են հիվանդի բժշկական և ընտանեկան պատմության, ֆիզիկական և ատամնաբուժական քննության տեղեկությունները և այլ բժշկական հետազոտությունների արդյունքները, որպեսզի փնտրեն նշաններ, որ դուք կարող եք ունենալ ցելիակիա հիվանդություն: Բժիշկները սովորաբար ախտորոշում են ցելյակիան արյան հետազոտությունների և բարակ աղու բիոպսիայի միջոցով:

Ինչպե՞ս բուժել ցելիակիան

Ցելիակիա հիվանդությունը բուժվում է առանց գլուտեն սննդակարգին հետևելու միջոցով: Գլուտենը սպիտակուց է, որը բնականաբար հայտնաբերվում է որոշ հացահատիկների, այդ թվում՝ ցորենի, գարու և տարեկանի մեջ: Գլուտենը ավելացվում է նաև շատ այլ մթերքների և ապրանքների մեջ: Ցելիակով հիվանդ մարդկանց մոտ գլուտեն օգտագործելը առաջացնում է իմունային համակարգի ռեակցիա, որը վնասում է բարակ աղիքները:

Սննդակարգ

Ներկայումս, ցելիակիայի միակ արդյունավետ բուժումը հանդիսանում է ամբողջ կյանքի ընթացքում առանց գլուտենի սննդակարգը: Չկա ոչ մի դեղամիջոց, որը կկանխի հիվանդությունը, եթե սննդի մեջ առկա է գլուտեն։ Սննդակարգի խիստ պահպանումը օգնում է աղիքի պատի վերականգնմանը, հանգեցնելով գրեթե բոլոր ախտանշանների վերացմանը, և, կախված, թե ինչքան վաղ է սկսվել սննդակարգը, հնարավոր է օստեոպորոզի և աղիքային քաղցկեղի ռիսկի նվազում, երբեմն՝ նույնիսկ վերացում։

Սննդաբանի օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի հիվանդն իմանա՝ որ մթերքներն են պարունակում գլուտեն, որոնք են անվնաս, և չնայած սահմանափակումներին, ինչպես սնվել բալանսավորված։ Շատ երկրներում, առանց գլուտենի մթերքները հասանելի են բժշկի դեղատոմսով։ Առանց գլուտենի սննդամթերքը սովորաբար ավելի թանկ է և ավելի դժվար է գտնել քան գլուտեն պարունակողները։