ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Մեր մասին

Պատմություն

Առանց գրադարանների մենք ի՞նչ ունենք։ Մենք չունենք ոչ անցյալ, ոչ էլ ապագա։
Ռեյ Բրեդբերի

80 տասնամյակից ավելի է, ինչ առողջապահության ոլորտում գործում է Հանրապետական գիտաբժշկական գրադարանը /ՀԳԲԳ/, որը տեղեկատվական գրադարանային ծառայություններով սպասարկում է հանրապետության բոլոր բուժաշխատողներին, բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին՝ ներառյալ մարզերում աշխատող բժիշկներին։ Գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմված կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային և տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ և տեսալսողական նյութեր:

Անցյալ դարի 30–ական թվականների վերջին, երբ Խորհրդային միությունը կանգնած էր 2–րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, իսկ երկրում տիրում էր ռեպրեսիան, ԽՍՀՄ Առողջապահության ժողկոմի որոշմամբ Խորհրդային միության բոլոր հանրապետություններում ստեղծվեցին հանրապետական գիտական բժշկական գրադարաններ, որոնք պետք է ապահովեին առողջապահության ոլորտի տեղեկատվական դաշտը։ Այսպես՝ 1939 թվականինին հիմնադրվեց գիտաբժշկական գրադարանը, որպես առողջապահության բնագավառի հիմնարար գրադարան։

Մեծ էր գրադարանի դերը հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Այն մասնագիտական գրականություն էր տրամադրում հանրապետությունում տեղակայված էվակոհոսպիտալների բժիշկներին։ 1946 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով գիտաբժշկական գրադարանի հավաքածուի մեծ մասը ոչնչացվեց։ Գրադարանն իր փոքրաթիվ հավաքածուով միավորվեց բժշկական ինստիտուտի գրադարանի հետ և միայն 1949 թվականին այն կրկին առանձնացվեց։ Բացի իր հիմնական առաքելությունից, որն է՝ համալրել, կազմակերպել, պահպանել և ընթերցողներին տրամադրել կենսաբժշկական ոլորտի տպագիր տեղեկատվական աղբյուրները, գիտաբժշկական գրադարանը 1951 թվականից համակարգել և մեթոդապես ղեկավարել է բժշկական գրադարանների ցանցի /ԲԳՑ/ աշխատանքները։ ԲԳՑ–ի մեջ ներառված էին երկրի բժշկական ուսումնական հաստատությունների, նոր կազմավորվող գիտահետազոտական ինստիտուտների և հիվանդանոցների, ինչպես նաև շրջանային կենտրոնական հիվանդանոցների գրադարանները։

1980 թվականին, մասնակցելով Լենինի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը, գիտաբժշկական գրադարանը ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության կողմից ստացել է հաղթողի դիպլոմ։
1988թ–ի ահեղ երկրաշարժից հետո գրադարանի գործունեությունը կտրուկ փոխվեց։ Հայ Օգնության Ֆոնդի /ՀՕՖ/ մարդասիրական օգնության շրջանակներում գիտաբժշկական գրադարանը համալրվեց ամերիկյան լավագույն բժշկական ամսագրերով և գրքերով։

ՀՕՖ–ի աջակցությամբ ստացված առաջին համակարգիչները և առաջին լազերային սկավառակները, բժշկական տեղեկատվության Medline շտեմարանը արմատապես փոխեցին տեղեկատվության որոնման ծառայության որակը։ 90–ականներին գրադարանում ներդրվեցին համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները։ Կազմակերպվում էին համակարգչային դասընթացներ, թե՛ գրադարանավարների և թե՛ բժիշկների համար։ Խոշոր գրադարանների հետ մեկտեղ գիտաբժշկական գրադարանը ներգրավված էր Հայկական գրադարանային միության ձեռնարկներին և միջոցառումներին։ Իր պատմության ընթացքում գրադարանը հաղթահարել է շատ դժվարություններ։

Բազմաթիվ անգամ տեղափոխվել է տեղից տեղ՝ կրելով կորուստներ և ամեն ինչ վերսկսելով նորից ու նորից։ 2003 թվականը ևս գրադարանի պատմության տխուր էջերից է։ Տարիների կենսագրություն ունեցող ՀԳԲԳ–ն լուծարվում էր Թումանյան 8 հասցեում զբաղեցրած տարածքից զրկվելու պատճառով: Սակայն, հուսահատության այդ պահին Կառավարության որոշմամբ գրադարանը տեղափոխվեց ԳԱԱ համակարգ և զբաղեցրեց Ռուբինյանց 29 հասցեում տեղակայված ներկայիս շենքը և տարածքը: Անհրապույր և ոչ բարվոք վիճակում գտնվող շենքում գրադարանն ամեն ինչ սկսեց նորից։

Ու չնայած շենքայի պայմանները այնքան էլ հարմար չեն գրադարանային սպասարկման ժամանակակից ծառայություններին, այնուամենայնիվ այստեղ իրականացվում են այնպիսի արդիական գործառույթներ, որոնք նպաստում են բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական բժշկության զարգացմանը։
Հաղթահարելով տարբեր ժամանակների խոչընդոտները, ձեռք բերելով ոչ միայն ավանդույթներ, այլև ուրույն աշխատելաոճ, ՀԳԲԳ–ն այսօր իրականացնում է բազմաբնույթ և ծավալուն գործունեություն, որի արդյունքում լայն ճանաչում է ստացել գրադարանային և բժշկական հանրության շրջանում:

2005թվականին մասնակցելով առողջապահության բնագավառի ԿՈՉՈՒՄ ազգային մրցանակաբաշխությանը, ՀԳԲԳ–ն նվաճեց մրցանակ «Ոչ բժշկական կազմակերպություններ, որոնք նպաստում են բժշկագիտության զարգացմանը» անվանակարգում:

Այդ մրցանակը գրադարանի լուրջ նվաճումներից էր, նրա աշխատանքի գնահատականը, պարտավորեցնող և ոգևորող մի փաստ։

Վերջին տարիներին գիտաբժշկական գրադարանի այգին ձևափոխվել և դարձել է նոր տեսակի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր և կանաչ անկյուն, որն ընդունված է անվանել նաև «կանաչ գրադարան»։ Ձևավորվել է բացօթյա ընթերցարան, որտեղ Wi-Fi կապի միջոցով հասանելի է համացանցը և ընթերցողները կարող են օգտվել բժշկական էլեկտրոնային գրքերից և ամսագրերից: Այգում անցկացվում են զանազան միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ։ Գրադարանում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ ուսուցողական դասընթացներ երիտասարդ բժիշկների համար, բժիշկ ստեղծագործողների հանդիպումներ, նոր գրքերի շնորհանդեսներ և իհարկե մասնագիտական քննարկումներ։

Եվ պատահական չէ, որ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լավագույն գրադարան» մրցույթի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։
Ապագայի գրադարանները կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև։ Կարծում ենք, որ գիտաբժշկական գրադարանը, որպես կենսաբժշկական տեղեկատվության խոշոր կենտրոն, մշտապես կունենա իր տեղն ու դերը մեր երկրի առողջապահության համակարգում և իր ընթերցողին կառաջնորդի նրանց գիտելիքների անծայրածիր աշխարհում։


ՀԳԲԳ-ի պատմությունն առավել հանգամանալից ներկայացված է հետևյալ տեսանյութերում: