ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեպատիտ

  • Ի՞նչ է հեպատիտը
  • Որո՞նք են հեպատիտի տեսակները և առաջացման պատճառները:
  • Որո՞նք են հեպատիտի ախտանշանները
  • Ինչպե՞ս է տարածվում վիրուսային հեպատիտը:
  • Ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում հեպատիտը:
  • Հնարավո՞ր է կանխել հեպատիտը:
  • Ապրել հեպատիտով

Ի՞նչ է հեպատիտը

Հեպատիտը լյարդի բորբոքումն է, որի հետևանքով խաթարվում է լյարդի նորմալ գործունեությունը։  Այն սովորաբար տեղի է ունենում, երբ լյարդային հյուսվածքները վնասվում են կամ վարակվում: Ալկոհոլը, թույները/տոքսինները, վարակիչ հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել հեպատիտ: Հեպատիտը կարող է լինել սուր (մինչև 6 ամիս տևող ) կամ քրոնիկական (6 ամիս և ավելի տևող)՝ կախված լյարդի բորբոքման տևողությունից: Կախված հեպատիտի տեսակից՝ վիրուսային վարակը կարող է ինքնասահմանափակվել և առանց դեղորայքային բուժման  ինքնուրույն անցնել, կարող է նաև վերածվել քրոնիկական ձևի և տևել տարիներ։ Որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ սուր լյարդային անբավարարություն, մինչդեռ մյուսները կարող են լինել առանց ախտանշանների կրողներ։ Քրոնիկական հեպատիտը  ժամանակի ընթացքում  հանգեցնում է լյարդի ցիռոզի, քրոնիկական  լյարդային անբավարարության և լյարդի քաղցկեղի։

Որո՞նք են հեպատիտի տեսակները և առաջացման պատճառները:

Կան հեպատիտի տարբեր տեսակներ, որոնք առաջանում են տարբեր պատճառներով։ Ինչպես արդեն նշվեց հեպատիտի պատճառ կարող են հանդիսանալ ալկոհոլի մեծաքանակ օգտագործումը, աուտոիմուն խանգարումները, դեղերը կամ տոքսինները: Այնուամենայնիվ, հեպատիտի առաջացման ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է։

  • Հեպատիտի ամենատարածված տեսակը վիրուսային հեպատիտն է։ Այն  հիմնականում հարուցվում է վիրուսներով: Գոյություն ունի վիրուսային հեպատիտների 5 տեսակ՝ A, B, C, D և E։ Առավել տարածված վիրուսային հեպատիտներն են հեպատիտ A-ն, B-ն և C-ն։
  • Ալկոհոլային հեպատիտի պատճառը ալկոհոլի չարաշահումն է։ Ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումը ի վերջո հանգեցնում է ալկոհոլային հեպատիտի զարգացման։  Այն կարող է ընթանալ առանց ախտանիշների, արտահայտվել ընդամենը հեպատոմեգալիայով (լյարդի չափսերի մեծացում), սուր կամ քրոնիկական հեպատիտի եղանակով և լյարդային անբավարարությամբ։
  • Տոքսիկ հեպատիտը կարող է առաջանալ որոշ թույների, քիմիական նյութերի, դեղամիջոցների, բուսական և սննդային հավելումների պատճառով։
  • Աուտոիմուն հեպատիտը քրոնիկական տեսակ է,  որի առաջացման հիմնական պատճառը իմունային համակարգի ոչ նորմալ պատասխանն է լյարդային բջիջների նկատմամաբ: Պատճառը հայտնի չէ, բայց գենետիկական նախատրամադրվածությւնը և միջավայրը կարող են դեր խաղալ:

Որո՞նք են հեպատիտի ախտանշանները:

Հեպատիտ ունեցող որոշ հիվանդներ կարող են չունենալ ախտանշաններ և չիմանալ, որ վարակված են: Հեպատիտ ունեցող հիվանդները սովորաբար ունենում են հետևյալ ընդհանուր ախտանշանները.

  • ջերմություն
  • հոգնածություն
  • ախորժակի կորուստ
  • սրտխառնոց և/կամ փսխում
  • որովայնի ցավեր
  • մեզի գույնի մգեցում
  • կավի գույնի կղանք
  • հոդացավեր
  • մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն

Սուր հեպատիտի ժամանակ ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 2 շաբաթից մինչև 6 ամիսերի ընթացքում: Քրոնիկական հեպատիտի ժամանակ ախտանշանները կարող են ի հայտ գալ տարիներ անց:

Ինչպե՞ս է տարածվում վիրուսային հեպատիտը:

Հեպատիտ A-ն և հեպատիտ E-ն ընթանում են գրեթե նույն ձևով և սովորաբար տարածվում են վարակված անձի կղանքի և բերանի (ֆեկալօրալ) միջոցով:

Հեպատիտ B-ն, հեպատիտ C-ն և հեպատիտ D-ն տարածվում են հիվանդի արյան հետ շփման միջոցով: Հեպատիտ B-ն և D-ն կարող են տարածվել նաև օրգանիզմի այլ կենսահեղուկների հետ շփման միջոցով՝ արյուն, թուք, սերմնահեղուկ: Այն կարող է տարածվել նաև ներերակային թմրամիջոցներ համատեղ օգտագործելիս, ինչպես նաև  անպաշտպան սեռական հարաբերություն ունենալիս:

Ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում հեպատիտը:

Հեպատիտը ախտորոշելու համար բժիշկը պետք է զննի հիվանդին հայտնաբերելու համար հեպատիտի ախտանշաններ։ Անհրաժեշտ կլինի կատարել արյան քննություն, ներառյալ վիրուսային հեպատիտի թեստեր, ինչպես նաև պատկերային թեստեր, ինչպիսիք են ուլտրաձայնային հետազոտությունը, Համակարգչային տոմոգրաֆիա կամ ՄՌՏ։

Հեպատիտի բուժումը կախված է թե որ  տեսակի հեպատիտով է հիվանդը վարակված՝ սուր, թե քրոնիկական։ Սուր վիրուսային հեպատիտը հաճախ անցնում է ինքնուրույն: Պարզապես պետք է հանգիստ վիճակ և բավարար քանակությամբ հեղուկ ընդունել: Բայց որոշ դեպքերում այն կարող է ավելի ծանր ընթանալ և բուժումը ստանալ հիվանդանոցային պայմաններում:

Քրոնիկական հեպատիտի բուժման համար կան տարբեր դեղամիջոցներ: Հնարավոր այլ բուժումները կարող են ներառել վիրահատություն և այլ բժշկական պրոցեդուրաներ: Եթե ​​քրոնիկական հեպատիտը հանգեցնում է լյարդի անբավարարության կամ լյարդի քաղցկեղի, անհրաժեշտ կլինի լյարդի փոխպատվաստում:

Հնարավո՞ր է կանխել հեպատիտը:

Հեպատիտի ռիսկը կանխելու կամ նվազեցնելու համար գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ կախված հեպատիտի տեսակից: Կան պատվաստանյութեր, որոնք կանխում են հեպատիտ A-ն և B-ն: Հեպատիտից  պաշտպանվելու համար անհրաժեշտ է նաև պատշաճ ձևով պահպանել անձնական հիգիենան՝ հաճախակի և մանրակրկիտ լվանալ ձեռքերը, լավ լվանալ թարմ մրգերն ու բանջարեղենները։ Աուտոիմուն հեպատիտը հնարավոր չէ կանխարգելել:

https://medlineplus.gov/hepatitis.html

https://ncdc.am/can-breakfast-help-keep-us-thin-nutrition-science-is-tricky/

https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK554549/