Ալերգիկ ռինիտ
- Ի՞նչ է ալերգիկ ռինիտը
- Որո՞նք են ալերգիկ ռինիտի ախտանշանները
- Ալերգիկ ռինիտի տեսակները
- Ալերգիկ ռինիտի բուժումը
- Ալերգիկ ռինիտի կանխարգելումը
- Ապրել ալերգիկ ռինիտով
Ի՞նչ է ալերգիկ ռինիտը
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է, որն արտահայտվում է քթի փակվածությամբ, քորով, փռշտոցներով և այլն։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից մեկն է: 2022թ-ի տվյալներով աշխարհի մեծահասակների 10-30%-ը և երեխաների 40% -ը տառապում է այս հիվանդությամբ։
Ալերգիկ ռինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։ Այս հիվանդությամբ տառապող մարդու քթի լորձաթաղանթում տեղի են ունենում հատուկ փոփոխություններ՝ նշված ալերգեններից մեկի կամ մի քանիսի նկատմամբ և առաջանում է ալեգիկ բորբոքում, որի ախտանիշներն էլ խաթարում են ռինիտով հիվանդի առօրյան։
Որո՞նք են ալերգիկ ռինիտի ախտանշանները
Ալերգիկ ռինիտի ամենատարածված ախտանշաններն են՝
- քթահոսություն,
- հաճախակի փռշտոց,
- քթի փակվածություն,
- քթի, ականջների, բերանի քիմքի քոր, երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում։
- Հաճախ ալերգիկ ռինիտն ուղեկցվում է ալերգիկ կոնյունկտիվիտով՝ աչքի շաղկապենու բորբոքմամբ, որի դեպքում ախտանիշներին ավելանում են՝
- արցունքահոսությունը,
- աչքերի քորն ու կարմրությունը։
Ալերգիկ ռինիտի տեսակները
Առանձնացնում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա։
Սեզոնային ալերգիկ ռինիտն ակտիվորեն դրսևորվում է միայն տարվա որևէ սեզոնին։ Հիվանդության սեզոնայնությունը պայմանավորված է ծաղկափոշու այն տեսակով, որի նկատմամբ այն առաջանում է։ Ծառերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայուն անհատների մոտ ախտանիշները արտահայտվում են վաղ գարնանից մինչև ամռան սկիզբ՝ ծառերի ծաղկման շրջանում։
Խոտաբույսերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում ախտանիշներն արտահայտվում են առավելապես ամռան ամիսներին, իսկ մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում հիվանդությունը սրվում է վերջիններիս ծաղկման շրջանում, այն է՝ ամռան վերջից մինչև վաղ աշուն։ Սա ալերգիայի ամենատարածված ձևն է։
Ի տարբերություն սեզոնային ալերգիկ ռինիտի՝ շուրջտարյա ալերգիկ ռինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։ Այն առաջանում է այնպիսի ալերգեններից, ինչպիսիք են տնային փոշու տիզերը, ընտանի կենդանիների մազը կամ թեփը, բորբոսը և այլն: Ախտանշանները տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում:
Ալերգիկ ռինիտի բուժումը
- Չնայած տհաճ ախտանշաններին, ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում։ Ալերգենի հետ շփումից խուսափելը արդյունավետ միջոցներից մեկն է։ Ալերգիկ ռինիտի բուժման նպատակն է նվազեցնել կամ կանխել հյուսվածքների բորբոքումից առաջացած ախտանշանները: Հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը։ Ալերգոլոգը կօգնի ձեզ որոշել, թե որ դեղամիջոցն է լավագույնը ձեզ համար՝ կախված ախտանշաններից, տարիքից և ընդհանուր առողջական վիճակից:
- Հղիության դեպքում բժիշկը խորհուրդ կտա, թե որ դեղամիջոցներն են անվտանգ ընդունել: Հղիության ընթացքում ալերգիայի որոշ ախտանշաններ հղիության բնական երևույթ են և ոչ ալերգիկ ռինիտ:
- Որոշ դեղամիջոցներ կարող են օգտագործվել ալերգիայի բուժման համար։ Այս դեղամիջոցները օգնում են կանխել ախտանշանները, եթե դրանք պարբերաբար օգտագործում եք.
- Քթի ստերոիդային ցողացիրներ/սփրեյները նվազեցնում են քթի հյուսվածքների ռեակցիան ներշնչվող ալերգենների նկատմամբ: Սա օգնում է թեթևացնել քթի այտուցը: Դրանք ամենաարդյունավետն են քրոնիկական ախտանշաններ ունեցող հիվանդների բուժման համար: Շատ ստերոիդներ հասանելի են նաև առանց դեղատոմսի:
- Հակահիստամինները օգնում են նվազեցնել փռշտոցը, քթահոսը և ալերգիկ քորի առաջացումը: Դրանք լինում են հաբերի տեսքով ինչպես նաև քթի ցողացիրների/ սփրեյների ձևով: Դրանցից շատերը ևս հասանելի են առանց դեղատոմսի, որոշները տրվում են դեղատոմսով:
- Քրոմոլին նատրիումը քթի ցողացիր/սփրեյ է, որն օգնում է կանխել մարմնի ռեակցիան ալերգենների նկատմամբ: Այս դեղամիջոցի ազդեցությունը երևում է 2-ից 4 շաբաթ անց: Այն հասանելի է առանց դեղատոմսի:
- Աչքի կաթիլներ. Եթե մյուս դեղամիջոցները բավականաչափ չեն օգնում ձեր քոր եկող, ջրակալած աչքերին, ապա բժիշկը կարող է նշանակել աչքի կաթիլներ, որոնք հասանելի են դեղատներում:
- Ալերգիայի դեմ պատվաստումները կամ ենթալեզվային հաբերը (նաև կոչվում է իմունոթերապիա) նույնպես բուժման տարբերակ են այն մարդկանց համար, ովքեր փորձում են այլ բուժումներ, բայց դեռևս ունեն ալերգիայի ախտանշաններ: Դրանք պարունակում են շատ փոքր քանակությամբ ալերգեն և տրվում են կանոնավոր գրաֆիկով, որպեսզի ձեր մարմինը ընտելանա ալերգեններին: Սա օգնում է նվազեցնել ձեր մարմնի զգայունությունը ալերգենների նկատմամբ: Ժամանակի ընթացքում ալերգիայի ախտանշանները նվազում են։
Ալերգիկ ռինիտի կանխարգելումը
Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան։ Որոշակիորեն օգտակար կարող է լինել սեզոնի ընթացքում քամոտ եղանակին տանից դուրս չգալը, դիմակ կրելը, ինչպես նաև եղանակի տեսությամբ ծաղկափոշու մակարդակի հայտնումը։
Դուք ևս կարող եք օգնել ձեզ և խուսափել այնպիսի գործոններից, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի ախտանշաններ: Դրա համար անհրաժեշտ է՝
- փակ պահել պատուհանները ծաղկափոշու ակտիվ սեզոնին,
- լվանալ ձեռքերը կենդանիներին շոյելուց հետո,
- օգտագործել անկողնային պարագաներ և ներքնակների ծածկոցներ, որոնք պաշտպանված են փոշուց և տզից,
- դրսում կրել ակնոց՝ աչքերը պաշտպանելու համար,
- ցնցուղ ընդունել քնելուց առաջ՝ մազերից և մաշկից ալերգենները լվանալու համար,
- աերոզոլային սփրեյները, օդի աղտոտվածությունը, ցուրտ ջերմաստիճանը, խոնավությունը, գրգռող գոլորշիները, ծխախոտի և փայտի ծուխը նույնպես կարող են վատթարացնել ձեր ախտանշանները, հետևաբար դրանցից ևս պետք է խուսափել։
Ապրել ալերգիկ ռինիտով
Ալերգիկ ռինիտի ախտանիշներով ապրելը ազդում է առօրյա կյանքի և գործունեության վրա: Այդ ախտանիշները կարող են վատթարանալ պառկած վիճակում և խանգարել լավ քնելու կարողությանը: Հոգնածությունն ու գլխացավը ազդում են դպրոցում և աշխատանքի վայրում աշխատելու ունակության վրա:
Գոյություն ունի կապ նաև ասթմայի, էկզեմայի և ալերգիկ ռինիտի միջև։ Հետևաբար, ալերգիկ ռինիտի վերահսկումը շատ կարևոր է ասթմայի վերահսկողությունը պահպանելու համար:
Կան բազմաթիվ դեղամիջոցներ և բուժման եղանակներ, որոնք կարող են օգնել կառավարելու ալերգիկ ռինիտի ախտանիշները: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, երբ զգում եք, որ ձեր ախտանիշները վատթարանում են կամ դժվար է վերահսկել: Բժիշկը կարող է օգնել ձեզ վերահսկել ալերգիաները, որպեսզի դրանք չազդեն նորմալ կյանքով ապրելու ձեր ունակության վրա: