Անեմիա
- Ի՞նչ է անեմիան
- Ո՞րոնք են անեմիայի առաջացման պատճառները
- Անեմիայի տեսակները
- Անեմիայի ախտանշանները
- Բուժումը
- Կանխարգելումը

Ի՞նչ է անեմիան
Անեմիան կամ սակավարյունությունը առողջական վիճակ է, երբ արյան կարմիր առողջ բջիջների /էրիտրոցիտների/ քանակը նվազում է և բավարար քանակությամբ թթվածին չի տեղափոխվում մարմնի հյուսվածքները: Անեմիայի առկայությունը, կամ հեմոգլոբինի ընդհանուր քանակի նվազումը կարող է առաջացնել հոգնածություն և թուլություն, դժվարաշնչություն։ Անեմիայի բազմաթիվ ձևեր կան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատճառները: Անեմիան կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ և կարող է տատանվել թեթևից մինչև ծանր: Շատ դեպքերում անեմիան ունի մեկից ավելի պատճառ։

Ո՞րոնք են անեմիայի առաջացման պատճառները
Անեմիան կարող է լինել բնածին կամ ձեռք բերովի։ Անեմիան կարող առաջանալ, երբ․
• նվազում է արյան կարմիր բջիջների արտադրությունը,
• արյունահոսությունը հանգեցնում է արյան կարմիր բջիջների կորստի ավելի արագ, քան դրանք կարող են փոխարինվել նորերով,
• ձեր մարմինը ոչնչացնում է արյան կարմիր բջիջները։
Անեմիայի տեսակները
Գոյություն ունեն անեմիայի տարբեր տեսակներ, որոնք ունեն առաջացման տարբեր պատճառներ: Ըստ այդ պատճառների առանձնացվում են հետևյալ տեսակի անեմիաները.
- երկաթ-դեֆիցիտային անեմիա
- վիտամին-դեֆիցիտային անեմիա
- բորբոքման անեմիա
- ապլաստիկ անեմիա
- ոսկրածուծի հիվանդությունների հետ
- հեմոլիտիկ անեմիա
- մանգաղաբջջային անեմիա

Երկաթ-դեֆիցիտային անեմիա
Երկաթ-դեֆիցիտային անեմիան ամենատարածված տեսակն է, որը պայմանավորված է օրգանիզմում երկաթի անբավարարությամբ։ Երկաթն անհրաժեշտ է ոսկրածուծին հեմոգլոբին արտադրելու համար: Առանց բավարար երկաթի, օրգանիզմը չի կարող արտադրել բավականաչափ հեմոգլոբին արյան կարմիր բջիջների համար:
Այս տեսակի սակավարյունությունը տեղի է ունենում շատ հղի կանանց մոտ, որոնք չեն ընդունում երկաթի հավելումներ: Այն նաև պայմանավորված է արյան կորստով, օրինակ՝ առատ դաշտանային արյունահոսությամբ, ստամոքսի կամ բարակ աղիքի խոց, հաստ աղիքի քաղցկեղ, և որոշ ցավազրկող միջոցների կանոնավոր օգտագործում, որոնք հասանելի են առանց դեղատոմսի, հատկապես ասպիրինի, որը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում և արյան կորուստ: Կարևոր է որոշել երկաթի դեֆիցիտի աղբյուրը՝ անեմիան կանխելու համար:
Վիտամին- դեֆիցիտային անեմիա
Բացի երկաթից, ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆոլաթթու և վիտամին B-12՝ բավարար քանակությամբ առողջ կարմիր արյան բջիջներ արտադրելու համար: Այս և այլ հիմնական սննդանյութերի պակաս ունեցող սննդակարգը կարող է հանգեցնել արյան կարմիր բջիջների արտադրության նվազեցմանը: Միևնույն ժամանակ, որոշ մարդկանց մոտ խանգարված է աղիներից վիտամին B12-ի ներծծումը, որը կարող է բերել վիտամին-դեֆիցիտային անեմիայի, որը նաև հայտնի է որպես պերնիցիոզ անեմիա /վնասակար անեմիա/։
Բորբոքման անեմիա
Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ռևմատոիդ արթրիտը, երիկամների հիվանդությունը, Կրոնայի հիվանդությունը և այլ սուր կամ քրոնիկական բորբոքային հիվանդություններ, կարող են խանգարել արյան կարմիր բջիջների արտադրությանը:
Ապլաստիկ անեմիա
Ապլաստիկ անեմիան հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող հիվանդություն է, որն առաջանում է, երբ ոսկրածուծը բավարար քանակությամբ արյան կարմիր բջիջներ չի արտադրում: Ապլաստիկ անեմիայի պատճառները ներառում են վարակները, որոշ դեղամիջոցներ, աուտոիմուն հիվանդությունները և թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը:
Ոսկրածուծի հիվանդության հետ կապված անեմիաներ
Տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են լեյկոզը և միելոֆիբրոզը, կարող են առաջացնել անեմիա՝ ազդելով ոսկրածուծում արյան արտադրության վրա: Նման քաղցկեղային և քաղցկեղանման խանգարումների հետևանքները տարբեր են՝ մեղմից մինչև կյանքին սպառնացող:
Հեմոլիտիկ անեմիա
Հեմոլիտիկ անեմիաների այս խումբը զարգանում է, երբ արյան կարմիր բջիջներն ավելի արագ են քայքայվում, քան ոսկրածուծը հասցնում է դրանց փոխարինող բջիջներ ստեղծել: Արյան որոշ հիվանդություններ արագացնում են արյան կարմիր բջիջների ոչնչացումը: Հեմոլիտիկ անեմիան կարող է լինել ժառանգական, կամ կարող է զարգանալ կյանքի ընթացքում:
Մանգաղաբջջային անեմիա
Մանգաղաբջջային անեմիան ժառանգական և երբեմն լուրջ վիճակը հեմոլիտիկ անեմիա է: Այն պայմանավորված է հեմոգլոբինի թերի ձևով, որը ստիպում է կարմիր արյան բջիջներին ընդունել ոչ նորմալ կիսալուսնի կամ մանգաղի ձև: Այս անկանոն արյան բջիջները վաղաժամ մահանում են, ինչն էլ հանգեցնում է արյան կարմիր բջիջների քրոնիկ անբավարարության։

Անեմիայի ախտանշանները
Եթե դուք ունեք թեթև անեմիա, կարող եք որևէ ախտանիշ չունենալ: Անեմիայի ախտանիշները կարող են զարգանալ արագ կամ դանդաղ՝ կախված անեմիայի պատճառներից: Ընդհանուր ախտանշանները, որոնք նույնն են անեմիայի բազմաթիվ տեսակների համար, ներառում են.
- թուլություն
- գունատություն
- հոգնածություն
- սարսուռ
- շնչահեղձություն
- գլխացավ
- գլխապտույտ և ուշագնացություն
- արյունահոսություն
- մաշկի դեղնություն
Ախտորոշում
Անեմիան ախտորոշելիս բժիշկը հավանաբար կուսումնասիրի հիվանդության և ընտանեկան պատմությունը, կզննի և կնշանակի որոշ հետազոտություններ:
Արյան ընդհանուր քննություն (CBC)
Արյան ընդհանուր քննությունը հաշվում է արյան կենսանմուշում արյան բջիջների (ձևավոր տարրերի) քանակը: Անեմիան ախտորոշելիս բժշկին ավելի շատ կհետաքրքրեն արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) բացարձակ քանակը, արյան մեջ դրանց տեսակարար կշիռը (հեմատոկրիտ, Ht) և հեմոգլոբինը (Hb):
Արյան կարմիր բջիջների ձևի և չափսի թեստ
Որոշ դեպքերում կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների ձևի, չափսի և գույնի մանրադիտակային հետազոտության կարիք:
Լրացուցիչ ախտորոշիչ թեստեր
Անեմիայի ախտորոշումը հաստատվելիս բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ թեստեր՝ ուղղված պատճառի որոշմանը: Հազվադեպ նաև կարող է առաջանալ ոսկրածուծից կենսանմուշի վերցման կարիք (բիոպսիա):


Բուժում
Անեմիայի բուժումը տարբեր է և պայմանավորված է անեմիայի պատճառից և տեսակից: Բուժումը սովորաբար ներառում է բուն անեմիայի բուժումը և անեմիայի պատճառների բուժումը: Բուժումը կարող է սահմանափակվել միայն որոշ հավելումների ընդունմամբ կամ պահանջել լուրջ բժշկական միջամտություն: Անեմիայի որոշ տեսակներ կարելի է կանխարգելել բազմատեսակ առողջ սննդակարգով:
Երկաթ-դեֆիցիտային անեմիա: Երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժումը սովորաբար ներառում է երկաթի հավելումները և սննդակարգի փոփոխությունը: Եթե անեմիայի այս տեսակի պատճառը արյան կորուստն է (դաշտանից բացի), բուժումը կարող է ներառել պատճառի վերացումը և արյունահոսության դադարեցումը: Որոշ դեպքերում արյունահոսությունը դադարեցվում է վիրահատական բուժմամբ:
Վիտամին-դեֆիցիտային անեմիաներ։ Ֆոլաթթվի և վիտամին C-ի դեֆիցիտով պայմանավորված անեմիաների բուժումը ներառում է սննդային հավելումները և սննդակարգում այս սննդանյութերի ավելացումը: Եթե մարսողական համակարգը դժվարությամբ է ներծծում սննդով ստացած վիտամին B12-ը, բժիշկը նաև կարող է նշանակել այս վիտամինի ներարկումներ, սկզբում՝ օրը մեջ, այնուհետև՝ ամիսը մեկ, և կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում՝ կախված վիճակից:
Քրոնիկ հիվանդության անեմիա։ Քրոնիկական հիվանդության պատճառով զարգացած անեմիան առանձնահատուկ բուժում չի պահանջում: Բժիշկները կենտրոնանում են հիմնական հիվանդության բուժման վրա: Եթե ախտանշանները ծանրանում են, ընդհանուր թուլությունը թեթևացնելու և արյան կարմիր բջիջների արտադրությունը խթանելու համար բժիշկը կարող է նշանակել արյան փոխներարկում կամ կամ սինթետիկ հորմոնի ներարկումներ, որոնք սովորաբար արտադրվում են ձեր երիկամների կողմից (էրիտրոպոետին)։
Ապլաստիկ անեմիա։ Այս տեսակի անեմիայի բուժումը կարող է ներառել արյան կարմիր բջիջների մակարդակը խթանող արյան փոխներարկումները: Եթե ոսկրածուծը չի կարողանում արտադրել առողջ արյան բջիջներ, բժիշկը նաև կարող է առաջարկել ոսկրածուծի փոխպատվաստում:
Ոսկրածուծի հիվանդության հետ կապված անեմիա։ Ոսկրածուծի հիվանդությունների հետ կապված անեմիայի բուժումը կարող է ներառել դեղամիջոցները, քիմիոթերապիան և ոսկրածուծի փոխպատվաստումը:
Հեմոլիտիկ անեմիաներ։ Հեմոլիտիկ անեմիաների բուժումը ներառում է կասկածելի դեղամիջոցներից հրաժարվելը, վարակների բուժումը և իմունային համակարգն ընկճող դեղամիջոցները: Սուր հեմոլիտիկ անեմիան հիմնականում մշտական բուժման կարիք ունի։
Մանգաղաբջջային անեմիա։ Մանգաղաբջջային անեմիայի բուժումը կարող է ներառել ցավը և այլ բարդությունները մեղմացնող թթվածնաբուժումը, ցավազրկողնեըր, ինչպես նաև ներերակային ինֆուզիոն լուծույթները: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ արյան փոխներարկում, ֆոլաթթվի հավելումներ և հակաբիոտիկներ: Քաղցկեղի բուժման դեղերից Հիդրօքսուրեան (Դրոքսիա, Հիդրեա, Սիկլոս) նույնպես կարող է նշանակվել մանգաղաբջջային անեմիայի բուժման ժամանակ:
Թալասեմիա։ Թալասեմիայի տեսակների մեծ մասը թեթև է ընթանում և բուժում չի պահանջում: Ավելի ծանր ձևերն ընդհանուր առմամբ պահանջում են արյան փոխներարկում, ֆոլաթթվի հավելումներ, դեղամիջոցներ, փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա) կամ արյան կամ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում։
Ռիսկի գործոնները
Հետևյալ գործոնները մեծացնում են անեմիայի զարգացման ռիսկը:
Վիտամիններից և միներալներից աղքատ սննդակարգ։ Երկաթի, վիտամին B-12-ի, ֆոլաթթվի և պղնձի ցածր պարունակությամբ սննդակարգը մեծացնում է անեմիայի ռիսկը։
Աղիքային խանգարումներ։ Բարակ աղիներից սննդանյութերի ներծծման գործընթացը վատթարացնող աղիքային հիվանդությունը ևս մեծացնում է անեմիայի ռիսկը: Օրինակ՝ Կրոնի և ցելիակի հիվանդությունները:
Դաշտան։ Ընդհանուր առմամբ կանայք, ովքեր դաշտանադադար չեն ունեցել, երկաթ-դեֆիցիտային անեմիայի ավելի մեծ վտանգ ունեն, քան տղամարդիկ և հետդաշտանադադարի տարիքի կանայք: Դաշտանն ուղեկցվում է արյան կարմիր բջիջների կորստով։

Հղիություն։ Ֆոլաթթու և երկաթ պարունակող մուլտիվիտամիններ չօգտագործող հղի կանանց շրջանում անեմիայի զարգացման ռիսկը մեծանում է:
Քրոնիկական հիվանդություններ։ Այնպիսի հիվանդություններ ինչպիսիք են քաղցկեղը, երիկամային անբավարարությունը, դիաբետը կամ այլ քրոնիկական հիվանդություն մեծացնում են քրոնիկ հիվանդության անեմիայի ռիսկը: Այս հիվանդությունները կարող են հանգեցնել արյան կարմիր բջիջների նվազման: Խոցից կամ այլ աղբյուրից արյան դանդաղ և քրոնիկ կորուստը կարող է նվազեցնել օրգանիզմում երկաթի պաշարները և հանգեցնել երկաթ-դեֆիցիտային անեմիայի:
Ընտանեկան պատմություն։ Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի ժառանգական անեմիայի պատմություն, օրինակ՝ մանգաղաբջջային անեմիա, ապա ձեր մոտ նույն հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է:
Այլ գործոններ։ Որոշ վարակների, արյան հիվանդությունների և աուտոիմուն խանգարումների պատմությունը մեծացնում է անեմիայի ռիսկը: Ալկոհոլիզմը, թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը և որոշ դեղամիջոցների օգտագործումը կարող են ազդել արյունաստեղծման վրա և հանգեցնել անեմիայի:
Տարիքը։ 65-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում մեծ է անեմիայի ռիսկը:

Կանխարգելումը
Անեմիայի շատ տեսակներ չեն կարող կանխարգելվել։ Սակայն, երկաթ-դեֆիցիտային և վիտամին-դեֆիցիտային անեմիաները կարող են կանխարգելվել առողջ սննդակարգով, որը պարունակում է տարբեր տեսակի վիտամիններ և միներալներ:
Երկաթ. երկաթով հարուստ մթերքները ներառում են՝ տավարի և այլ կենդանիների միսը, լոբազգիները, ոսպը, երկաթով հարստացված հացամթերքները, մուգ կանաչ տերևավոր բանջարեղենները և չոր մրգերը:
Ֆոլատ. այս սննդանյութը և դրա սինթետիկ ձևը՝ ֆոլաթթուն կարող են հայտնաբերվել մրգերի և մրգահյութերի, մուգ կանաչտերևավոր բանջարեղենների, կանաչ ոլոռի, սիսեռի, գետնանուշի և հարստացված հացահամթերքների մեջ՝ հաց, ձավարեղեն, մակարոնեղեն և բրինձ:
Վիտամին B12. վիտամին B12-ով հարուստ մթերքներից են՝ միսը, կաթնամթերքները և հարստացված հացամթերքները և սոյան:
Վիտամին C. վիտամին C-ով հարուստ մթերքներից են՝ ցիտրուսային մրգերը և մրգահյութերը, պղպեղը, բրոկոլին, լոլիկը, սեխը և ելակը: Դրանք նաև օգնում են երկաթի ներծծմանը:
