Արյան ճնշում
- Ի՞նչ է արյան ճնշումը
- Ի՞նչ է բարձր արյան ճնշումը (գերճնշում)
- Ինչպե՞ս է ախտորոշվում բարձր արյան ճնշումը
- Որո՞նք են բարձր արյան ճնշման տեսակները
- Որո՞նք են բարձր արյան ճնշման բուժման եղանակները
- Ինչպե՞ս կանխարգելել կամ կառավարել բարձր արյան ճնշումը

Ի՞նչ է արյան ճնշումը
Ամեն անգամ, երբ սիրտը բաբախում է, այն արյուն է մղում զարկերակների մեջ։ Զարկերակային (արյան) ճնշումը հասկացություն է, որը բնութագրում է սրտի կողմից րոպեում մղվող արյան ծավալը, ինչպես նաև անոթների դիմադրության ուժը։ Արյան ճնշման ցուցանիշները նորմալ են, եթե սիրտը հաղթահարում է մղման գործառույթը, իսկ արյան անոթները մնում են առաձգական և ամուր։
Արյան ճնշումը չափվում է սնդիկի սյան միլիմետրերով (մմ ս.ս.) և սովորաբար տրվում է երկու թվանշանով՝ սիստոլիկ (վերին) և դիաստոլիկ (ներքևի)։
Սիստոլիկ ճնշումը զարկերակներում առավելագույն ճնշումն է, երբ սիրտը կծկվում է և մղում է արյունը (վերին թիվ)։ Դիաստոլիկ ճնշումը զարկերակներում նվազագույն ճնշումն է, երբ սիրտը հանգստի վիճակում է (ներքևի թիվ)։
Սովորաբար սիստոլիկ թիվը նախորդում է դիաստոլիկ թվին կամ գտնվում է դիաստոլիկ թվից առաջ: Օրինակ՝ 120/80 նշանակում է, որ սիստոլիկը՝ 120 է, իսկ դիաստոլիկը՝ 80:
Առողջ մեծահասակների համար նորմալ արյան ճնշումը սովորաբար համարվում է 120/80 մմ ս.ս.։ Այնուամենայնիվ, նորմերը կարող են տարբեր լինել՝ կախված տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և այլ գործոններից։
Ի՞նչ է բարձր արյան ճնշումը (գերճնշում)

Բարձր արյան ճնշումը բժկական իրավիճակ է, երբ արյան ճնշումը զարկերակների պատերի վրա նորմայից բարձր է, որի պատճառով սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել, որպեսզի արտամղի արյունը դեպի արյունատար անոթներ: Երբ արյան ճնշումը տևական ժամանակ բարձր է լինում, այն ստիպում է սրտին գերծառնաբեռնված աշխատել, ինչն էլ կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտի կաթվածը, ինսուլտը, սրտի և երիկամային անբավարարությունը։
Շատ մեծահասակներ ունենում են բարձր արյան ճնշում, որը սովորաբար առանց ախտանիշների է ընթանում:
Ինչպե՞ս է ախտորոշվում բարձր արյան ճնշումը
Բարձր արյան ճնշումը սովորաբար ախտանշաններ չունի: Որոշ դեպքերում, գերճնշմամբ տառապող մարդիկ կարող են գլխացավեր, քթից արյունահոսություն կամ շնչառության դժվարացում ունենալ: Սակայն այս ախտանշանները բնորոշ չեն և կարող են ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ արյան ճնշումը հասնում է կյանքին սպառնացող փուլի:
Բարձր արյան ճնշումն ախտորոշելու միակ միջոցը բժշկի մոտ արյան ճնշման պարբերաբար ստուգումն է: Արյան ճնշման չափման համար օգտագործվում է չափիչ սարք, ստեթոսկոպ կամ էլեկտրոնային սենսոր և բազուկին փաթաթվող մանժետ: Բարձր արյան ճնշումը ախտորոշվում է, եթե արյան ճնշման ցուցանիշները բարձր են 130/80 մմ ս․ս․-ից։ Ախտորոշումը հիմնվում է տարբեր հանդիպումների ժամանակ կատարված երկու կամ ավելի չափումների վրա։

Որո՞նք են բարձր արյան ճնշման տեսակները

Գոյություն ունեն արյան բարձր ճնշման երկու հիմնական տեսակ՝ առաջնային և երկրորդային բարձր արյան ճնշում։
- Առաջնային կամ էսենցիալ բարձր արյան ճնշումը բարձր արյան ճնշման ամենատարածված տեսակն է: Այս տեսակի արյան ճնշում ունեցող մարդկանց մեծ մասի մոտ բարձր արյան ճնշումը զարգանում է ժամանակի ընթացքում՝ կապված տարիքի հետ։
- Երկրորդային բարձր արյան ճնշումը առաջանում է մեկ այլ հիվանդությամբ պայմանավորված կամ որոշակի դեղամիջոցների օգտագործման հետևանքով: Սովորաբար հիվանդությունը բուժելուց կամ բարձր արյան ճնշում առաջացնող դեղամիջոցների ընդունումը դադարեցնելուց հետո բարձր արյան ճնշումը բարելավվում է:
Որո՞նք են բարձր արյան ճնշման բուժման եղանակները
Դեղորայքային բուժման, կանոնավոր բժշկական զննումների, ինչպես նաև կենսակերպի փոփոխման միջոցով կարելի է հեշտությամբ վերահսկել բարձր արյան ճնշումը և ապրել առողջ կյանքով:
Անհրաժեշտ է համագործակցել բժշկի հետ՝ բուժման ծրագիր մշակելու համար։ Այն կարող է ներառել ապրելակերպի փոփոխություններ, ինչպիսիք են առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները, առողջ քաշի պահպանումը։ Սակայն երբեմն ապրելակերպի փոփոխությունները բավարար չեն բարձր արյան ճնշման բուժման համար և եթե դրանք չեն օգնում, ապա բժշկի խորհրդով պետք է ընդունել ճնշումն իջեցնող դեղորայք։ Կան բարձր արյան ճնշման բուժման տարբեր դեղորայքներ։ Օգտագործվող դեղի տեսակը կախված է ընդհանուր առողջական վիճակից։ Հաճախ երկու կամ ավելի տեսակի դեղերի զուգակցումը ավելի արդյունավետ է, քան մեկ դեղով բուժումը։
Եթե բարձր արյան ճնշումը պայմանավորված է մեկ այլ հիվանդությամբ կամ դեղորայքով, ապա այդ հիվանդության բուժումը կամ դեղորայքի դադարեցումը կարող է իջեցնել արյան ճնշումը։

Ինչպե՞ս կանխարգելել կամ վերահսկել բարձր արյան ճնշումը
Բժշկի կողմից նշանակված դեղերի ընդունումից բացի, բարձր արյան ճնշումը կարելի է կանխարգելել՝ կատարելով մի քանի պարզ, բայց արդյունավետ կենսակերպի փոփոխություններ, ինչպես նաև հետևելով առողջ ապրելակերպի սկզբունքներին։ Ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել բարձր արյան ճնշումը վերահսկել խուսափելով արյան ճնշման բարձրացումից կամ օգնելու արդեն իսկ զարգացած զարկերակային գերճնշման բուժմանը։ Հետևաբար անհրաժեշտ է՝

- պահպանել մարմնի առողջ քաշը, ինչպես խորհուրդ է տալիս բժիշկը,
- օգտագործել առողջ սրտի սննդակարգ, որը ներառում է շատ մրգեր և բանջարեղեն, ամբողջահատիկ ցորենից ստացված մթերք, ցածր յուղայնության կաթնամթերք, թռչնամիս, ձկնեղեն,
- սահմանափակել նատրիումի (աղի) քանակը,
- կատարել ֆիզիկական վարժանքներ, ինչպես օրինակ՝ արագ քայլել հնարավորության դեպքում օրական առնվազն 30 րոպե,
- կառավարել սթրեսը, սովորելով սթրեսը կամ զայրույթը հաղթահարելու եղանակները,
- հրաժարվել ծխախոտից,
- սահմանափակել ալկոհոլը,
- հսկել զարկերակային ճնշումը՝ օրվա ընթացքում չափելով այն, ինչը կօգնի բժշկին դեղորայքի ճշգրիտ նշանակման կամ փոփոխության հարցում։