ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Միզուղիների վարակներ

  • Ի՞նչ է միզուղիների վարակը
  • Ո՞րոնք են միզուղիների վարակի ախտանշանները
  • Միզուղիների վարակի առաջացման պատճառները
  • Միզուղիների վարակի ռիսկի գործոնները
  • Միզուղիների վարակի բարդությունները
  • Ինչպե՞ս բուժել միզուղիների վարակըԻնչպե՞ս կանխարգելել

Ի՞նչ է միզուղիների վարակը

Միզուղիների վարակը (ՄՎ) առաջանում է, երբ մանրէները (բակտերիաները) ներթափանցում են միզային համակարգ։ Միզային համակարգը կազմված է վերին և ստորին հատվածներից։ Վերին հատվածում երիկամներն են, որտեղ արտադրվում է մեզը, իսկ ստորին հատվածում գտնվում են միզածորանները, որոնք մեզը երիկամից տեղափոխում են միզապարկ։ Միզային համակարգի ստորին հատվածում են գտնվում նաև միզապարկը, որտեղ կուտակվում է մեզը,  և միզուկը, որով միզապարկում կուտակված մեզը դուրս է գալիս օրգանիզմից։

Առողջ մարդկանց մոտ միզային համակարգում բակտերիաներ չկան։ Սակայն, երբ բակտերիաները ներթափանցում են միզապարկ կամ երիկամներ, ապա միզուղիներում զարգանում է միզուղիների վարակ։

ՄՎ-ի ժամանակ առավել հաճախ ախտահարվում են միզային համակարգի ստորին հատվածները՝

  • Միզապարկը՝ կոչվում է ցիստիտ և սովորաբար լինում է ցավոտ ու անհանգստացնող,
  • Միզուկը՝ կոչվում է ուրեթրիտ:

Երբ վարակը ուղեկցվում է  բարձր ջերմությամբ, ապա նշանակում է, որ այն ներթափանցել է վերին միզուղիներ և ախտահարել է՝

  • երիկամները, առաջանում է պիելոնեֆրիտ, որը ժամանակին և պատշաճ չբուժելու դեպքում կարող են  առաջանալ լրջագույն առողջական խնդիրներ։

Միզուղիների վարակի ախտանշանները

ՄՎ ախտանշանները տարբերվում են՝ կախված նրանից, թե միզուղիների որ հատվածն է ախտահարված։

Միզապարկի վարակի ախտանշաններն են՝

  • այրոցի զգացողություն կամ ցավ միզելիս,
  •  հաճախակի առաջացող միզելու ​​ցանկություն,
  •  հաճախակի, քիչ քանակներով  միզարձակում,
  •  կարմրավուն, վառ վարդագույն կամ կոկա-կոլայի գույնի մեզ, որը վկայում է մեզի մեջ արյան առկայության մասին (արյունամիզություն),
  • ցավ որովայնի ստորին հատվածում` հատկապես փոքր կոնքի կենտրոնում,
  • վատ հոտով կամ պղտոր մեզ
  • անմիզապահություն (ակամա միզարձակում):

Երիկամների վարակի ախտանշանները ներառում են վերը նշվածները, ներառյալ՝

  • բարձր ջերմություն
  • գոտկային (մեջքի ստորին հատվածի) ցավ
  • սրտխառնոց և փսխում
  • ընդհանուր թուլություն
  • դող

Միզուկի վարակի ախտանշաններն են՝

  • այրոց միզելիս,
  • արտադրություն։

Մեծահասակների մոտ միզուղիների վարակները կարող են սխալմամբ շփոթել այլ հիվանդությունների հետ։

Միզուղիների վարակի առաջացման պատճառները

Միզուղիների վարակն առաջանում է, երբ մանրէները միզուկի միջոցով թափանցում են միզուղիներ և տարածվում միզապարկում։ Միզային համակարգը նախատեսված է բակտերիաներից պաշտպանելու համար։ Բայց երբեմն բակտերաները մնում են միզուղիներում և զարգանալով վերածվում են  միզուղիների վարակի։

Ամենատարածված ՄՎ-ներ են՝

  • Միզապարկի վարակ (ցիստիտ)։ ՄՎ-ի այս տեսակի պատճառը  E. coli աղիքային ցուպիկն է։ Աղիքային այս բակտերիան սովորաբար ապրում է ստամոքս-աղիքային տրակտում և հեշտությամբ կարող է թափանցել միզուղիներ։ Սակայն երբեմն պատճառ կարող են լինել նաև այլ բակտերիաներ։
  • Միզուկի վարակ։ Միզուկի վարակը ևս կարող է առաջանալ ստամոքս-աղիքային բակտերաների աղիքներից միզուկ տարածվելու դեպքում։ Միզուկի վարակը կարող են առաջանալ նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ինչպիսիք են հերպեսը, գոնորեան, քլամիդիան և միկոպլազման։

Որոշ մարդիկ կարող են կրկնակի անգամ վարակվել, կամ ունենալ կրկնվող վարակներ։ Սա նշանակում է վեց ամսվա ընթացքում երկու կամ ավելի անգամ, կամ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի ՄՎ ունենալ։ Կրկնվող վարակները ավելի տարածված են կանանց մոտ։

Միզուղիների վարակի ռիսկի գործոններ

ՄՎ-ն ավելի շատ տարածված է կանանց մոտ, հետևաբար ռիսկի գործոնները կանանց մոտ ավելի մեծ է։ Բացի այդ, շատ կանայք իրենց կյանքի ընթացքում ունենում են մեկից ավելի վարակներ։ Կանանց բնորոշ ՄՎ ռիսկի գործոններն են․

  • Նախադաշտանադադարը (պերիմենոպաուզա) և դաշտանադադարը։ Նախադաշտանադադարի և դաշտանադադարի ընթացքում շրջանառվող էստրոգենի քանակը նվազում է, ինչը հանգեցնում է հեշտոցում գոյություն ունեցող մանրէների փոփոխությունների։ Այս փոփոխությունները կարող են մեծացնել ՄՎ-ի ռիսկը։
  • Կանացի անատոմիան։ Կանանց միզուկի բացվածքը մոտ է հեշտոցին։ Արդյունքում, մանրէները ավելի հեշտորեն են ներթափանցում միզապարկ։
  • Հղիության վերահսկման որոշ տեսակները։ Հղիության կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ սպերմիցիդների կամ դիաֆրագմայի օգտագործումը ևս կարող է մեծացնել ՄՎ ձեռք բերելու  ռիսկը։

ՄՎ-ի առաջացման այլ ռիսկի գործոններ են՝

  • Հեղուկի քիչ ընդունումը։ Բավարար քանակությամբ հեղուկների օգտագործումը մաքրում է միզապարկը՝ ազատելով այն մանրէներից և սննդանյութերից, որոնք նպաստում են մանրէներին աճին։
  •  Փորկապությունը։ Փորկապությունը ևս հանդիսանում է ռիսկի գործոն։ Փորկապության կանխարգելումը կարող է օգնել կանխել ՄՎ-ն։
  • Միզապարկի ոչ լրիվ դատարկումը։ Միզապարկի ոչ լրիվ դատարկումը թույլ է տալիս մանրէներին երկար գոյատևել և զարգանալ։
  • Միզուղիների հետ կապված խնդիրները, որոնք առկա են ծննդյան ժամանակ։ Որոշ երեխաներ ծնվում են այսպես կոչված միզապարկ-միզածորանային հետհոսքով, երբ մեզը միզապարկից հակառակ ուղղությամբ  հոսում է դեպի միզածորաններ, որը հանգեցնում է մեզի կուտակմանը միզածորանների մեջ: Երբ մեզը կուտակվում է, մանրէները կարող են միզապարկից տեղափոխվել երիկամներ, ինչն էլ մեծացնում է ՄՎ-ի առաջացման ռիսկը:
  •  Միզուղիների խցանումը: Երիկամային քարերը կամ տղամարդկանց մոտ շագանակագեղձի մեծացումը կարող են մեզը պահել միզապարկում: Սա նույնպես մեծացնում է ՄՎ-ի առաջացման ռիսկը:
  • Ընկճված իմունային համակարգը: Իմունաճնշիչ դեղամիջոցները, շաքարախտը և այլ հիվանդություններ կարող են թուլացնել իմունային համակարգը, որն օրգանիզմը պաշտպանում է մանրէներից: Սա ևս կարող է մեծացնել ՄՎ-ի ռիսկը:
  • Միզային կաթետերի օգտագործումը: Երբեմն մարդիկ չեն կարողանում ինքնուրույն միզել և անհրաժեշտ է լինում օգտագործել կաթետեր կոչվող խողովակ՝ միզապարկից մեզը հեռացնելու համար: Կաթետերի օգտագործումը մեծացնում է ՄՎ-ի առաջացման ռիսկը:
  • Միզուղիների վրա կատարված միջամտությունները։ Միզուղիների վիրահատությունը կամ բժշկական գործիքներով միզուղիների հետազոտությունը կարող են մեծացնել ՄՎ-ի առաջացման ռիսկը:

Միզուղիների վարակի բարդություններ

Ժամանակին բուժվելու դեպքում ՄՎ-ն հազվադեպ է հանգեցնում բարդությունների: Սակայն չբուժվելու դեպքում, այն կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: ՄՎ բարդությունները կարող են ներառել․

  • Երիկամների անդառնալի վնասում։ ՄՎ-ն չբուժելու դեպքում կարող են ախտահարվել երիկամները (պիելոնեֆրիտ), ինչը կհանգեցնի երիկամային անբավարարության։
  • Ցածր քաշով նորածնի կամ վաղաժամ ծննդաբերություն։ Հղիության ընթացքում ՄՎ-ն կարող է ազդել երեխայի քաշի վրա։ Բացի այդ ՄՎ-ն կարող է նաև վաղաժամ ծննդաբերության պատճառ հանդիսանալ։
  • Տղամարդկանց մոտ նեղացած միզուկ։ Կրկնվող վարակները կարող են հանգեցնել միզուկի սպիացման։ Սպիացած հյուսվածքը կարող է դժվարացնել միզարձակումը։
  • Սեպսիս։ Միզուղիների վարակի այս բարդությունը կարող է կյանքին սպառնացող լինել։ Սեպսիսը ռիսկային է, հատկապես այն դեպքերում, երբ  վարակը միզուղիների միջոցով թափանցում է երիկամներ։

Ինչպե՞ս բուժել միզուղիների վարակը

Միզուղիների վարակի բուժման նպատակն է մեղմացնել ախտանիշները, վերացնել վարակը և կանխել դրա կրկնությունը, ինչպես նաև կանխել լուրջ բարդությունները, ինչպիսիք են երիկամների վնասվածքը և սեպսիսը: Հղի կանանց մոտ բուժումը պաշտպանում է և՛ մորը, և՛ պտղին:

Հակաբիոտիկները սովորաբար միզուղիների վարակների առաջին բուժումն են։ Դրանք կարող են բուժել միզուղիների վարակների մեծ մասը։ Եթե բժիշկը հակաբիոտիկներ է նշանակում, պետք է ընդունել դրանք ճիշտ այնպես, ինչպես նշված է ։ Պետք է ավարտել դրանց ընդունումը՝ հետագա հիվանդությունը կանխելու համար։

Միզապարկի վարակներ

Միզապարկի վարակների բուժումը իրենից ներկայացնում է  հակաբիոտիկների և տնային բուժման համադրություն։ Տնային բուժումը ներառում է մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը և հաճախակի միզարձակումը։ Եթե ախտանշանները բարելավվում են, հետագա հետազոտություններն անհրաժեշտ չեն։

Երիկամների վարակներ

Երիկամների վարակները (պիելոնեֆրիտ) կարող են բուժվել բերանային (պերօրալ ընդունվող) հակաբիոտիկների միջոցով։ Բայց, կարող է նաև անհրաժեշտ լինել հոսպիտալացում և հակաբիոտիկների ներերակային կարճատև կուրս, եթե հիվանդը թույլ է, կամ ստամոքսի ցավի պատճառով չի կարող ընդունել բերանային  դեղամիջոցներ։ Երիկամների վարակները սովորաբար ավելի ծանր են ընթանում, քան միզապարկի վարակները։

Միզուղիների կրկնվող վարակները

Այս վարակները սովորաբար առաջանում են նոր վարակից, այլ ոչ թե նույն վարակի կրկնությունից։

  • Միզապարկի կրկնվող վարակներ ունեցող կանայք պրոֆիլակտիկ ձևով կարող են ընդունել հակաբիոտիկներ։
  • Տղամարդկանց մոտ միզուղիների կրկնվող վարակները սովորաբար շագանակագեղձի վարակի (պրոստատիտ) նշաններ են։ Երկարատև պրոստատիտը դժվար է բուժել։ Միզուղիների վարակ ունեցող տղամարդկանց համար սովորաբար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։
  • Եթե միզուղիների վարակը կապված է սեռական ակտիվության հետ, ապա սեռական հարաբերությունից հետո ընդունել հակաբիոտիկի մեկ դեղաչափ (խորհրդակցելով բժշկի հետ):  

Ծանր վարակներ

 Ծանր վարակները սովորաբար բուժվում են ներերակային հակաբիոտիկներով։ Նման դեպքերում կարող է անհրաժեշտ լինել հիվանդանոցային բուժում:

Ինչպե՞ս կանխարգելել միզուղիների վարակը

Միզուղիների վարակի, մասնավորապես՝ կրկնվող վարակի առաջացման ռիսկը կարելի է նվազեցնել, եթե՝

  • օգտագործեք շատ հեղուկներ, հատկապես ջուր, որպեսզի միզապարկից և միզուկից դուրս գան մանրէները,
  • փորձեք լոռամրգի հյութ կամ լոռամրգի այլ արտադրանք, եթե ձեր բժիշկը դրանք թույլատրել է,
  • փոխեք ձեր հղիության հսկողության մեթոդը,  քանի որ դիաֆրագմաները, քսանյութեր չպարունակող կամ սպերմիցիդներով մշակված պահպանակները կարող են նպաստել բակտերաների աճին,
  • խուսափեք  կանացի գրգռիչ միջոցներ (դեզոդորանտային սփրեյներ, փոշիներ կամ այլ կանացի միջոցներ) օգտագործել, որոնք կարող են գրգռել միզուկը։