ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Շաքարային դիաբետ

  • Ի՞նչ է շաքարային դիաբետը
  • Շաքարային դիաբետի տեսակները
  • Շաքարային դիաբետի առաջացման պատճառները
  • Ո՞վքեր են ավելի հակված հիվանդանալու շաքարային դիաբետով
  • Շաքարային դիաբետի ախտանշանները
  • Շաքարային դիաբետի ախտորոշումը
  • Շաքարային դիաբետի բուժումը
  • Հնարավո՞ր է կանխել շաքարային դիաբետը

Ի՞նչ է շաքարային դիաբետը

Շաքարային դիաբետը կամ շաքարախտը, քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում արյան գլյուկոզի կամ արյան շաքարի մակարդակը չափազանց բարձր է: Գլյուկոզը օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է և այն կարող է արտադրվել օրգանիզմի կողմից, ինչպես նաև ստացվել սննդի միջոցով: Ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող հորմոնը՝ ինսուլինը օգնում է որպեսզի  գլյուկոզը պատշաճ ձևով յուրացվի բջիջների կողմից։ Շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում, կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել արտադրված ինսուլինը և ապահովել արյան մեջ գլյուկոզի մակարդակը, ինչն էլ հանգեցնում է լուրջ առողջական խնդիրների:

Շաքարային դիաբետի տեսակները

Ըստ առաջացման պատճառների կան շաքարային դիաբետի տարբեր տեսակներ՝ 1-ին տիպի, 2-րդ տիպի և գեստացիոն.

  • 1-ին տիպի շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը քիչ քանակությամբ կամ ընդհանրապես ինսուլին  չի արտադրում: Դա տեղի է ունենում, երբ իմունային համակարգը գրոհում  և ոչնչացնում է ինսուլին արտադրող բջիջները, որն անհրաժեշտ է արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար:
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում օրգանիզմը դեռևս կարող է ինսուլին արտադրել, սակայն բջիջները բավարար չեն արձագանքում ինսուլինին։ Դրանք հեշտությամբ չեն կարողանում բավականաչափ գլյուկոզա վերցնել արյունից, որպեսզի պահպանվի արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը: 2-րդ տիպի շաքարային դիաբետը դիաբետի ամենատարածված ձևն է:
  • Հղիների կամ գեստացիոն շաքարային դիաբետը շաքարախտի տեսակ է, որը զարգանում է հղիության ընթացքում: Դա տեղի է ունենում, երբ օրգանիզմը չի կարողանում արտադրել լրացուցիչ ինսուլին, որն անհրաժեշտ է հղիության ընթացքում:

Շաքարային դիաբետի առաջացման պատճառները

Շաքարային դիաբետի առաջացման պատճառները տարբեր են

  • 1-ին տիպի  շաքարային դիաբետի առաջացման պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը, որն անհրաժեշտ է արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Այս տեսակը կոչվում է նաև ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ։  Հետազոտողները կարծում են, որ 1-ին տիպի շաքարախտը պայմանավորված է գեներով և շրջակա միջավայրի գործոններով, որոնք կարող են առաջացնել հիվանդությունը։
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառ են հանդիսանում կենսակերպի մի շարք գործոններ, ինչպիսիք են ավելորդ քաշը կամ գիրությունը, նստակյաց կամ ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, վատ սննդակարգը և գենետիկական նախատրամադրվածությունը:
  • Գեստացիոն կամ հղիների դիաբետը ըստ հետազոտողների պայմանավորված է հղիության ընթացքում հորմոնալ փոփոխություններով, ինչպես նաև գենետիկական և ապրելակերպի գործոններով:

Ո՞վքեր են ավելի հակված հիվանդանալու շաքարային դիաբետով

Շաքարային դիաբետի տարբեր տեսակներն ունեն տարբեր ռիսկի գործոններ․

  • շաքարային դիաբետով հիվանդ ծնողներ կամ քույր ու եղբայր ունենալը կարող է մեծացնել 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը,
  • ավելորդ քաշը կամ գիրությունը ռիսկային գործոն է համարվում 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման համար,
  • 35 տարեկանից բարձր անձիք ավելի շատ են հակված հիվանդանալու շաքարային դիաբետով։ Երեխաները, դեռահասները, երիտասարդները ևս կարող են հիվանդանալ շաքարային դիաբետով։ Սակայն այն ավելի հաճախ հանդիպում է միջին և տարեց մարդկանց մոտ,
  • Ռիսկի գործոն է նաև նախադիաբետի առկայությունը, ինչը նշանակում է, որ արյան մեջ գլյուկոզը նորմայից բարձր է, բայց այն այնքան բարձր չէ, որ դիաբետ համարվի,
  • շաքարային դիաբետով հիվանդանու ռիսկի գործոն է, եթե նախկինում եղել է գեստացիոն դիաբետ,
  • ֆիզիկական ակտիվության պակասը ևս համարվում է ռիսկի գործոն,
  • շաքարախտով հիվանդանալու ռիսկի գործոն է, եթե կան որոշակի այլ առողջական խնդիրներ, ինչպես օրինակ՝ արյան բարձր ճնշումը։

Շաքարային դիաբետի ախտանշանները

Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են

  • անհագ ծարավի զգացումը,
  • անհագ քաղցի զգացումը,
  • հաճախակի միզարտադրությունը, այդ թվում՝ գիշերային,
  • ընդհանուր մկանային թուլությունը,
  • մարմնի քաշի կորուստը,
  • մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը,
  •  մաշկի դժվար բուժվող բորբոքումները,
  • տեսողության խանգարումները։

1-ին տիպի շաքարային դիաբետի ախտանշանները սովորաբար արագ են ի հայտ գալիս և կարող են լինել սուր։

2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում ախտանշանները հաճախ զարգանում են դանդաղ՝ մի քանի տարիների ընթացքում: Ախտանշանները կարող են այնքան մեղմ լինել, որ նույնիսկ չնկատեք դրանք:

Գեստացիոն շաքարային դիաբետը հաճախ ախտանշաններ չունի, կամ դրանք կարող են մեղմ լինել:

Շաքարային դիաբետի ախտորոշումը

Շաքարային դիաբետի ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել գլյուկոզի մակարդակը արյան մեջ ստուգելու մեկ կամ մի քանի հետազոտություններ։

Շաքարային դիաբետի բուժումը

Շաքարային դիաբետի բուժումը ներառում է՝

  • արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը,
  • նշանակված դեղերի ընդունումը (ներառյալ ինսուլինը, եթե անհրաժեշտ է) 1-ին տիպի շաքարային դիաբետի դեպքում պետք է ընդունել ինսուլինի օրական չափաբաժինը,
  • սննդակարգի պահպանումը,
  • ֆիզիկական աշխատանք կատարելը, կանոնավոր մարզվելը,
  • բժշկական այցելությունները ՝ շաքարային դիաբետի բուժման և վերահսկման համար։

Բուժման անհատական ​​պլանները մշակվում են՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են շաքարային դիաբետի տեսակը, ընդհանուր առողջությունը և անձնական նախասիրությունները:

Կարևոր է սերտորեն աշխատել բժշկական մասնագետների հետ, ինչպիսիք են էնդոկրինոլոգը, դիետոլոգը՝ շաքարախտի կառավարման, ինչպես նաև բուժման պլան մշակելու համար: Այս մասնագետները կարող են խորհուրդներ տալ արյան շաքարի վերահսկման, դեղորայքի կառավարման, սննդի պլանավորման, ֆիզիկական ակտիվության վերաբերյալ և օգնել շաքարախտի հետ կապված բոլոր հարցերի և մտահոգությունների վերաբերյալ:

Հնարավո՞ր է կանխել շաքարային դիաբետը

Կարելի է քայլեր ձեռնարկել շաքարային դիաբետը կառավարելու համար և փորձել կանխել առողջական խնդիրները:

1-ին տիպի շաքարայինը դիաբետը հնարավոր չէ կանխել։

Կարելի է կանխել 2-րդ տիպի շաքարային դիաբետը կենսակերպի փոփոխությունների միջոցով (առողջ սննդակարգ, առողջ քաշի պահպանում և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն): Շատ կարևոր է են ֆիզիկական վարժությունները (արագ քայլ, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող վարժություններ), որոնք նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:

Կենսակերպի այս փոփոխությունները կարող են նաև օգնել կանխելու գեստացիոն շաքարախտը: