ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Կրծքով կերակրում

  • Ընդհանուր պատկերացում
  • Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները
  • Որքա՞ն հաճախ պետք է կերակրել նորածնին
  • Արդյո՞ք պետք է նորածնին կերակրել գիշերը
  • Արդյո՞ք պետք է փորձել «երկարացնել» կերակրումների միջև ընդմիջումները
  • Խորհուրդներ մանկաբույժից
  • Կրծքով կերակրող մոր սննդակարգը

Ընդհանուր պատկերացում

Կրծքով կերակրումը նորածինների սնուցման լավագույն միջոցն է։ Այն առողջարար է թե՛ մոր և թե՛ երեխայի համար: Կրծքի կաթը պարունակում է սննդարար տարրեր, որոնք անհրաժեշտ են երեխաների առողջ զարգացման համար և հակամարմիններ, որոնք օգնում են պաշտպանել երեխաներին տարածված մանկական հիվանդություններից։

  Կրծքի կաթը նորածինների համար լավագույն սնունդն է, որն անհրաժեշտ է երեխային կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում։ Այն լիովին ապահովում է երեխայի բոլոր սննդային պահանջները, ներառյալ ջրի պահանջը: Մոտավորապես 6 ամսականից սկսած, բացի կրծքի կաթից երեխային անհրաժեշտ են հավելյալ սննդատեսակներ, սակայն կրծքով երեխային կերակրումը պետք է շարունակվի առնվազն մինչև 12 ամսական և ավելի:

Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները

Կրծքով սնուցումը պետք է սկսվի ծննդաբերությունից անմիջապես հետո։ Այն  ստեղծում և ամրապնդում է կապը մոր և երեխայի միջև: Բացի դրանից կրծքով հաճախակի կերակրման արդյունքում ավելի շատ կաթ է արտադրվում: Կրծքով կերակրումը առողջ ընտրություն է մայրերի և երեխաների համար։

Կրծքով կերակրման առավելությունները երեխայի համար

Մայրական կաթը՝

  • սննդի լավագույն աղբյուրն է նորածինների համար,
  • պարունակում է այն բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են նորածնին
  • ամրացնում է իմունային համակարգը՝ մորից երեխային փոխանցելով հակամարմիններ,
  • նորածնին պաշտպանում է վարակներից և հիվանդություններից,
  • նվազեցնում է նորածինների հանկարծամահության համախտանիշի /sudden infant death syndrome (SIDS)/ ռիսկը։

Կրծքով կերակրման առավելությունները մոր համար

Կրծքով կերակրումը ՝

  • նվազեցնում է մոր կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի  դյուրաբեկությամբ հիվանդանալու հավանականությունը,
  • նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, այդ թվում՝ արյան բարձր ճնշումը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը,
  • օգնում է մորը վերականգնելու իր նախկին մարմնակազմությունը:

Որքա՞ն հաճախ պետք է կերակրել նորածնին

Նորածնին պետք է կերակրել, երբ նա քաղցած է։ Սովորաբար դա պետք է անել առնվազն երկուսից երեք ժամը մեկ, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Սա կոչվում է «կերակրում ըստ պահանջի»։

Մանկաբույժները խորհուրդ են տալիս՝

  • երեխային կերակրել ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ,
  • նորածիններին կերակրել օրական առնվազն երկուսից երեք ժամը մեկ, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Այն կարևոր է ոչ միայն երեխաների, այլև մայրերի համար, քանի որ սա լավագույն միջոցն է պահպանելու անհրաժեշտ կաթի քանակը՝ կրծքով կերակրումը շարունակելու համար, 
  • թույլ տալ, որպեսզի երեխան ինքն ավարտի կերակրումը: Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից է կերակրել պահանջում։

Շատ կարևոր է գիշերը կերակրելը։ Երբ վեց ամսականից փոքր երեխաներին սովորեցնում են «քնել ամբողջ գիշեր» և չարթնանալ ուտելու համար, դա ոչ միայն քնել սովորեցնելու արդյունավետ մեթոդ չէ, այլև կրծքով կերակրումը վաղաժամ դադարեցնելու պատճառ է դառնում:

Խորհուրդ է տրվում վեց ամսականից հետո երեխաներին հավելյալ սնունդ տալ: Ըստ մասնագետների՝ դա չի նշանակում, որ գիշերվա ընթացքում կերակրումը պետք է դադարեցնել, քանի որ այդ տարիքի երեխաների համար նախատեսված հավելյալ սնունդը ավելի քիչ կալորիական և սննդարար է, քան կրծքի կաթը:

Եթե մայրն աշխատում է և օրվա ընթացքում երեխայի կողքին չի լինում, ապա շատ նորածիններ փորձում են «փոխհատուցել» այն գիշերը, և այս լրացուցիչ կերակրումները նպաստում են մոր կաթի արտադրվելուն։ 

Չպետք է փորձել «երկարացնել» կերակրումների միջև ընդմիջումները։ Եթե քաշի ավելացման կամ առողջության այլ խնդիրներ չկան, չպետք է անհանգստանալ երեխայի համար, որը բնական ճանապարհով անցնում է ավելի քիչ սնվելուն, հատկապես, եթե արդեն մի քանի շաբաթական է:

Դեռևս կան «ուշ-ուշ կերակրելու» մասին սխալ պատկերացումներ․ օրինակ՝ այն, որ դա նպաստում է կաթի «լցվելուն» կամ ապահովում է կաթի անհրաժեշտ քանակություն  լիարժեք կերակրման համար: Կերակրումների միջև ընկած ժամանակը երկարաձգելը ռիսկային է, քանի որ կրծքագեղձերը կաթ են արտադրում դատարկվելու դեպքում և երբ երկար ժամանակ չեն դատարկվում, մարմինը ազդանշան է ստանում, որ կաթի պահանջը նվազել է: Սա կարող է հանգեցնել ընդհանուր կաթի քանակի նվազման:

Խորհուրդներ մանկաբույժից

  • Երեխային պետք է կերակրել ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ:
  • Այնուամենայնիվ, նորածիններին պետք է կերակրել օրական առնվազն 8-10 անգամ, քանի որ որոշ նորածիններ երկար են քնում, կերակրել չեն պահանջում և կարող են քաշը կորցնել:
  • Պետք չէ սպասել, մինչև երեխան լացով կերակրել պահանջի: Քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում, կարծես արդեն կերակրվում են:
  • Թույլ տալ, որ երեխան ինքն ավարտի կերակրումը: Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից է կերակրել պահանջում:
  • Եթե ինչ-ինչ պատճառներով կաթի քանակությունը պակասել է և երեխան լավ չի աճում ու քիչ է միզում, չպետք է հուսահատվել, այլ պետք է շարունակել նրան մոտեցնել կրծքին:
  • Նախքան լրացուցիչ կամ ժամանակից շուտ այլ սնունդ տալը, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ:
  • Մինչ լրացուցիչ սնունդ տալը յուրաքանչյուր անգամ պետք է կերակրել երկու կրծքով, հետո նոր լրացուցիչ կաթնախառնուրդ տալ, այն էլ բաժակով կամ գդալով: Խորհուրդ չի տրվում այն շշով կամ ծծակով տալ, քանի որ երեխան շատ արագ կհրաժարվի կրծքից: 

Կրծքով կերակրող մոր սննդակարգը

Կրծքով կերակրելու ժամանակաշրջանում սննդամթերքի հանդեպ մոր օրգանիզմի պահանջը մեծանում է: Մոր կաթը նորածնի միակ սնունդն է, հետևաբար այն պետք է ներառի բոլոր հիմնական սննդային խմբերը` մսամթերք, կաթնամթերք, բուսական յուղ, կարագ, ձու, հաց, շիլաներ, մակարոնեղեն, բանջարեղեն, միրգ, հատապտուղներ, հյութեր, քաղցրավենիք: Ամեն ինչ, սակայն, պետք է լինի չափավոր: Ոչ ճիշտ հաշվարկված սննդակարգի հետևանքով երեխայի մոտ կարող են առաջանալ ալերգիա, ռախիտ, գազեր: Ալերգիաներից խուսափելու համար չի կարելի չարաշահել շոկոլադը, մեղրը, ցիտրուսային մրգերը, պետք է հրաժարվել ապխտած, հնացած սննդից, համեմունքներից, կծու, թթու, աղի ուտելիքից, պահածոներից, մարինադներից, երշիկեղենից: Ցանկալի չեն նաև ստամոքսաաղիքային համակարգի խանգարում առաջացնող խաղողի, ինչպես նաև հրուշակեղենի, քաղցր կաթնաշոռի, պանրիկների, ալկոհոլային խմիչքի կամ շիլաների և շաքար պարունակող այլ սննդատեսակների օգտագործումը: Սխտորը, սոխը կարող են փոխել կաթի համը` վանելով երեխային դրանից: Կերակրող մայրը օրական երկու և ավելի լիտր հեղուկ պետք է խմի, ցանկալի է ուտելուց 2-3 ժամ հետո կամ առաջ: