ՀԵՊԱՏԻՏ (ԼՅԱՐԴԱԲՈՐԲ )
- Ի՞նչ է հեպատիտը
- Որո՞նք են հեպատիտի տեսակները և առաջացման պատճառները:
- Որո՞նք են հեպատիտի ախտանշանները
- Ինչպե՞ս է տարածվում վիրուսային հեպատիտը:
- Ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում հեպատիտը:
- Հնարավո՞ր է կանխել հեպատիտը:
- Ապրել հեպատիտով


Ի՞նչ է հեպատիտը
Հեպատիտը լյարդի բորբոքումն է, որի հետևանքով խաթարվում է լյարդի նորմալ գործունեությունը։ Այն սովորաբար տեղի է ունենում, երբ լյարդային հյուսվածքները վնասվում են կամ վարակվում: Ալկոհոլը, թույները/տոքսինները, վարակիչ հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել հեպատիտ: Հեպատիտը կարող է լինել սուր (մինչև 6 ամիս տևող ) կամ քրոնիկական (6 ամիս և ավելի տևող)՝ կախված լյարդի բորբոքման տևողությունից: Կախված հեպատիտի տեսակից՝ վիրուսային վարակը կարող է ինքնասահմանափակվել և առանց դեղորայքային բուժման ինքնուրույն անցնել, կարող է նաև վերածվել քրոնիկական ձևի և տևել տարիներ։ Որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ սուր լյարդային անբավարարություն, մինչդեռ մյուսները կարող են լինել առանց ախտանշանների կրողներ։ Քրոնիկական հեպատիտը ժամանակի ընթացքում հանգեցնում է լյարդի ցիռոզի, քրոնիկական լյարդային անբավարարության և լյարդի քաղցկեղի։
Որո՞նք են հեպատիտի տեսակները և առաջացման պատճառները:
Կան հեպատիտի տարբեր տեսակներ, որոնք առաջանում են տարբեր պատճառներով։ Ինչպես արդեն նշվեց հեպատիտի պատճառ կարող են հանդիսանալ ալկոհոլի մեծաքանակ օգտագործումը, աուտոիմուն խանգարումները, դեղերը կամ տոքսինները: Այնուամենայնիվ, հեպատիտի առաջացման ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է։
- Հեպատիտի ամենատարածված տեսակը վիրուսային հեպատիտն է։ Այն հիմնականում հարուցվում է վիրուսներով: Գոյություն ունի վիրուսային հեպատիտների 5 տեսակ՝ A, B, C, D և E։ Առավել տարածված վիրուսային հեպատիտներն են հեպատիտ A-ն, B-ն և C-ն։
- Ալկոհոլային հեպատիտի պատճառը ալկոհոլի չարաշահումն է։ Ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումը ի վերջո հանգեցնում է ալկոհոլային հեպատիտի զարգացման։ Այն կարող է ընթանալ առանց ախտանիշների, արտահայտվել ընդամենը հեպատոմեգալիայով (լյարդի չափսերի մեծացում), սուր կամ քրոնիկական հեպատիտի եղանակով և լյարդային անբավարարությամբ։
- Տոքսիկ հեպատիտը կարող է առաջանալ որոշ թույների, քիմիական նյութերի, դեղամիջոցների, բուսական և սննդային հավելումների պատճառով։
- Աուտոիմուն հեպատիտը քրոնիկական տեսակ է, որի առաջացման հիմնական պատճառը իմունային համակարգի ոչ նորմալ պատասխանն է լյարդային բջիջների նկատմամաբ: Պատճառը հայտնի չէ, բայց գենետիկական նախատրամադրվածությւնը և միջավայրը կարող են դեր խաղալ:


Որո՞նք են հեպատիտի ախտանշանները:
Հեպատիտ ունեցող որոշ հիվանդներ կարող են չունենալ ախտանշաններ և չիմանալ, որ վարակված են: Հեպատիտ ունեցող հիվանդները սովորաբար ունենում են հետևյալ ընդհանուր ախտանշանները.
- ջերմություն
- հոգնածություն
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց և/կամ փսխում
- որովայնի ցավեր
- մեզի գույնի մգեցում
- կավի գույնի կղանք
- հոդացավեր
- մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն
Սուր հեպատիտի ժամանակ ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 2 շաբաթից մինչև 6 ամիսերի ընթացքում: Քրոնիկական հեպատիտի ժամանակ ախտանշանները կարող են ի հայտ գալ տարիներ անց:
Ինչպե՞ս է տարածվում վիրուսային հեպատիտը:
Հեպատիտ A-ն և հեպատիտ E-ն ընթանում են գրեթե նույն ձևով և սովորաբար տարածվում են վարակված անձի կղանքի և բերանի (ֆեկալ—օրալ) միջոցով:
Հեպատիտ B-ն, հեպատիտ C-ն և հեպատիտ D-ն տարածվում են հիվանդի արյան հետ շփման միջոցով: Հեպատիտ B-ն և D-ն կարող են տարածվել նաև օրգանիզմի այլ կենսահեղուկների հետ շփման միջոցով՝ արյուն, թուք, սերմնահեղուկ: Այն կարող է տարածվել նաև ներերակային թմրամիջոցներ համատեղ օգտագործելիս, ինչպես նաև անպաշտպան սեռական հարաբերություն ունենալիս:


Ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում հեպատիտը:
Հեպատիտը ախտորոշելու համար բժիշկը պետք է զննի հիվանդին հայտնաբերելու համար հեպատիտի ախտանշաններ։ Անհրաժեշտ կլինի կատարել արյան քննություն, ներառյալ վիրուսային հեպատիտի թեստեր, ինչպես նաև պատկերային թեստեր, ինչպիսիք են ուլտրաձայնային հետազոտությունը, Համակարգչային տոմոգրաֆիա կամ ՄՌՏ։
Հեպատիտի բուժումը կախված է թե որ տեսակի հեպատիտով է հիվանդը վարակված՝ սուր, թե քրոնիկական։ Սուր վիրուսային հեպատիտը հաճախ անցնում է ինքնուրույն: Պարզապես պետք է հանգիստ վիճակ և բավարար քանակությամբ հեղուկ ընդունել: Բայց որոշ դեպքերում այն կարող է ավելի ծանր ընթանալ և բուժումը ստանալ հիվանդանոցային պայմաններում:
Քրոնիկական հեպատիտի բուժման համար կան տարբեր դեղամիջոցներ: Հնարավոր այլ բուժումները կարող են ներառել վիրահատություն և այլ բժշկական պրոցեդուրաներ: Եթե քրոնիկական հեպատիտը հանգեցնում է լյարդի անբավարարության կամ լյարդի քաղցկեղի, անհրաժեշտ կլինի լյարդի փոխպատվաստում:
Հնարավո՞ր է կանխել հեպատիտը:
Հեպատիտի ռիսկը կանխելու կամ նվազեցնելու համար գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ կախված հեպատիտի տեսակից: Կան պատվաստանյութեր, որոնք կանխում են հեպատիտ A-ն և B-ն: Հեպատիտից պաշտպանվելու համար անհրաժեշտ է նաև պատշաճ ձևով պահպանել անձնական հիգիենան՝ հաճախակի և մանրակրկիտ լվանալ ձեռքերը, լավ լվանալ թարմ մրգերն ու բանջարեղենները։ Աուտոիմուն հեպատիտը հնարավոր չէ կանխարգելել:

https://medlineplus.gov/hepatitis.html
https://ncdc.am/can-breakfast-help-keep-us-thin-nutrition-science-is-tricky/