ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Տուբերկուլյոզ

  • Ի՞նչ է տուբերկուլոզը
  • Տուբերկուլյոզի առաջացման պատճառները
  • Ո՞վքեր են հակված  վարակվելու տուբերկուլոզի մանրէներով
  • Ո՞վքեր են հակված հիվանդանալու տուբերկուլոզ հիվանդությամբ
  • Ո՞րոնք են տուբերկուլոզի ախտանշանները
  • Ինչպե՞ս ախտորոշել տուբերկուլոզը
  • Ինչպե՞ս բուժել տուբերկուլոզը
  • Ինչպե՞ս կանխարգելել

Ի՞նչ է տուբերկուլոզը

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է։ Այն հարուցվում է տուբերկուլոզի միկրոբակտերիաներով և հիմնականում ազդում է թոքերի վրա։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ նաև ալիմենտար (սննդի հետ) ճանապարհով։ Հարուցիչները, օդի միջոցով թափանցում են մարդու օրգանիզմ և ախտահարում են առաջին հերթին թոքերը: Սակայն կարող են ախտահարել նաև օրգանիզմի այլ օրգան համակարգեր՝ առաջացնելով ծանր հիվանդություններ:

Տուբերկուլոզի հարուցիչներ կան ամենուր, սակայն դրանցով  վարակվածներից ոչ  բոլորն են հիվանդանում։ Հետևաբար, կան տուբերկուլոզի երկու տեսակ՝

  • ոչ ակտիվ  (գաղտնի) տուբերկուլոզային վարակ, որի դեպքում տուբերկուլոզի մանրէները ապրում են օրգանիզմում, սակայն ակտիվ չեն, հիվանդություն չեն առաջացնում և այն չեն տարածում։ Ոչ ակտիվ կամ գաղտնի տուբերկուլոզը վտանգավոր է նրանով, որ կարող է հետագայում զարգանալ և վերածվել ակտիվ տուբերկուլոզի,
  • ակտիվ տուբերկուլոզային հիվանդություն, որի դեպքում հիվանդությունը զարգանում է օրգանիզմում, ի հայտ են գալիս գանգատներ և ախտանշաններ և հիվանդը վարակիչ է։

Տուբերկուլոզի առաջացման պատճառները

Տուբերկուլոզն առաջանում է Mycobacterium tuberculosis կոչվող մանրէից: Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլակիր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլոզով հիվանդը տարածում է մանրէները օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս, փռշտալիս, խոսելիս, երգելիս:

Տուբերկուլոզը չի տարածվում դիպչելով, համբուրելով կամ սնունդը և ուտելիքը կիսելով։ Տուբերկուլոզը չի փոխանցվում ժառանգաբար: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք  հիվանդ են և չեն պահպանում հիգիենայի կանոնները:

Ո՞վքեր են  հակված  վարակվելու տուբերկուլոզի մանրէներով

Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել տուբերկուլոզի մանրէներով, սակայն միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով հանգեցնում է հիվանդության առաջացման։ Կարևոր նշանակություն ունեն մի շարք գործոններ, որոնք մեծացնում են տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը։

Դրանք են՝

  • տուբերկուլոզով հիվանդի հետ անմիջական շփումը,
  • այնպիսին երկրներում ծնվելը և ապրելը, որտեղ տարածված է տուբերկուլոզը  կամ հաճախակի ճամփորդելը այդպիսի երկրներ,
  • առողջապահության բնագավառի աշխատող լինելը, կամ այնպիսի վայրերում աշխատելը, որտեղ տուբերկուլոզը տարածված է (բանտերում, ծերանոցներում, անօթևան մարդկանց կացարաններում),
  • թույլ իմունային համակարգ ունենալը, քրոնիկական հիվանդությունները, թերսնուցումը, տարիքային առանձնահատկությունները։

Ո՞վքեր են հակված հիվանդանալու տուբերկուլոզային հիվանդությամբ

Յուրաքանչյուր մարդ կրում է տուբերկուլոզի մանրէներ, սակայն տուբերկուլոզային հիվանդությամբ հիվանդանալու ռիսկի խմբում են գտնվում մարդիկ ովքեր՝  

  • ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ,
  • վերջին 2 տարվա ընթացքում վարակվել են տուբերկուլոզով,
  • ունեն այլ հիվանդություններ, օրինակ՝ շաքարախտ, որը դժվարացնում է օրգանիզմի պայքարը տուբերկուլոզի մանրէների դեմ,
  • ունեն ալկոհոլի կամ թմրանյութերի կախվածություն,
  • 5 տարեկանից փոքր են,
  • տարեց մեծահասակներ են
  • ընդունում են դեղամիջոցներ, որոնք թուլացնում են իմունային համակարգը, ինչպիսիք են օրգանների փոխպատվաստումից հետո ընդունվող դեղամիջոցները, ստերոիդները և որոշ աուտոիմուն հիվանդությունների դեմ հատուկ բուժումները։

Ո՞րոնք են տուբերկուլոզի ախտանշանները

Տուբերկուլյոզի մանրէներ կրող մարդկանց մեծ մասը չի հիվանդանում տուբերկուլոզ հիվանդությամբ: Դրա փոխարեն նրանց մոտ զարգանում է ոչ ակտիվ տուբերկուլոզ: Ոչ ակտիվ տուբերկուլոզի վարակի դեպքում՝

  • հիվանդի մոտ բացակայում են ախտանշանները,
  • տուբերկուլոզը չի փոխանցվում ուրիշներին,
  • կարող է հետագայում զարգանալ ակտիվ տուբերկուլոզ, եթե իմունային համակարգը թույլ է այլ պատճառներով,
  • անհրաժեշտ է դեղորայք ընդունել՝ հետագայում ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխելու համար։

Տուբերկուլոզային հիվանդության դեպքում, որը կոչվում է նաև ակտիվ տուբերկուլոզ, տուբերկուլոզի մանրէները ակտիվ են, դրանք անընդհատ բազմապատկվում են օրգանիզմում և նաև փոխանցվում ուրիշներին։ Այս վիճակն առաջացնում է մի շարք գանգատներ և ախտանշաններ․

  • սարսուռ և դող,
  • մի քանի շաբաթ պահպանվող հազ,
  • կրծքավանդակի ցավ հազալիս կամ շնչելիս,
  • գիշերային քրտնարտադրություն,
  • թուլություն և հոգնածություն,
  • ախորժակի բացակայություն։

Ինչպե՞ս ախտորոշել տուբերկուլոզը

Պարզելու համար առկա է արդյոք տուբերկուլոզի վարակ, բժիշկը նախ և առաջ պետք է անցկացնի արտաքին զննում ՝ ավշային հանգույցների զննում, ստետոսկոպով թոքերի լսում շնչելիս։ Տուբերկուլոզի ախտորոշման տարածված միջոցներից են մաշկի և արյան թեստերը, որոնք կարող են հաստատել կամ բացառել ոչ ակտիվ կամ ակտիվ տուբերկուլոզը։  

Եթե հետազոտությունների միջոցով բացահայտվել են տուբերկուլոզի մանրէների առկայությունը, ապա անհրաժեշտ կլինի նաև այլ հետազոտությունների իրականացում։ Դրանք ներառում են՝

  • խորխի հետազոտությունը
  •  կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը։

Մարմնի այլ մասերում տուբերկուլոզը հայտնաբերելու համար կատարվում են մեզի և հյուսվածքների հետազոտություններ:

 Ինչպե՞ս բուժել տուբերկուլոզը

Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բժշկական հսկողության տակ։ Ինչպես ոչ ակտիվ տուբերկուլոզային վարակի, այնպես էլ տուբերկուլյոզային հիվանդության բուժումը երկարատև, բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի հակատուբերկուլոզային հակաբիոտիկների ընդունում 6-12 երբեմն՝ նույնիսկ ավելի ամիսներ:

Տուբերկուլյոզի մանրէները օրգանիզմից ամբողջությամբ վերացնելու համար կարևոր է հետևել դեղորայքի ընդունման ցուցումներին: Ցուցումներին ​​չհետևելու դեպքում, տուբերկուլոզի մանրէները օրգանիզմում կարող են փոփոխվել և ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ կայունություն, ինչը նշանակում է, որ դեղամիջոցը կարող է դադարել ազդել և տուբերկուլոզի բուժումը կարող է դժվարանալ։ Բուժման գործընթացը պետք է իրականացվի մասնագետի հսկողության ներքո։

  • Ոչ ակտիվ տուբերկուլոզի դեպքում, բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ՝ տուբերկուլոզի զարգացման ռիսկը նվազեցնելու համար: Դրանք պետք է ընդունել առնվազն 6 ամիս: Սակայն ոչ ակտիվ տուբերկուլոզով ոչ բոլոր հիվանդները կարիք ունեն  բուժման: Որոշ հիվանդներ պարբերաբար հետազոտվում են:
  • Ակտիվ տուբերկուլոզի դեպքում անհրաժեշտ է դեղորայքային բուժում չորս, վեց կամ ինը ամիս՝ կախված բուժման կուրսից: Շատ կարևոր է դեղորայքների ընդունումը ցուցումների համաձայն։ Չի կարելի վաղաժամ դադարեցնել բուժումը, ինչը կարող է հանգեցնել տուբերկուլոզի հանդեպ դեղորայքային կայունության, ինչն ավելի երկարատև և դժվար բուժում կպահանջի։

Տուբերկուլոզի բոլոր ձևերի հաջող բուժման, ինչպես նաև հիվանդությունը չտարածելու համար պետք է հետևել բժշկի խորհուրդներին, որոնք են՝

  • բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը,
  •  բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը,
  • մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել),
  • փռշտալիս և հազալիս բերանը ծածկելը,
  • եթե շրջապատում կան մարդիկ, դիմակ կրելը ։

Ինչպե՞ս կանխարգելել տուբերկուլոզը

Տուբերկուլոզի լավագույն կանխարգելումը դրա վաղ հայտնաբերումն է և բուժումը:
Տուբերկուլոզի կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի նորածինների շրջանում կիրառվող հակատուբերկուլոզային պատվաստումը՝ (ԲՑԺ), որը նպաստում է երեխաների մոտ վարակի և հիվանդացության նվազմանը, կանխում՝ սուր և ընդհանրացված ձևերի զարգացումը:

Տուբերկուլոզի կանխարգելման համար պետք է բուժել ոչ ակտիվ տուբերկուլոզի վարակը, ինչը կկանխի ինչպես ակտիվ տուբերկուլոզային հիվանդությունը, այնպես էլ հիվանդության փոխանցումը ուրիշներին։ Անհրաժեշտ է նաև պարբերաբար հետազոտվել, հատկապես մեծահասակները պետք է անցնեն ֆլուրոգրաֆիա։

Տուբերկուլոզի կանխարգելման համար նաև պետք է վարել առողջ ապրելակերպ`

  • զբաղվել սպորտով,
  • առողջ սնվել,
  • հրաժարվել վնասակար սովորություններից,
  • ամրապնդել իմունային համակարգը,
  • ուշադրություն դարձնել փակ տարածքների հաճախակի օդափոխմանը: