ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Վարակիչ հիվանդություններ

  • Ի՞նչ են վարակիչ հիվանդությունները
  • Որո՞նք են վարակիչ հիվանդություններ առաջացնող մանրէների տեսակները
  • Ինչպե՞ս կարող եք վարակիչ հիվանդություններով վարակվել
  • Վարակիչ հիվանդությունների ախտանիշները
  • Ինչպե՞ս են ախտորոշում  վարակիչ հիվանդությունները
  • Վարակիչ հիվանդությունների բուժման եղանակները
  • Վարակիչ հիվանդություններից առաջացող բարդությունները
  • Հնարավո՞ր է կանխարգելել վարակիչ հիվանդությունները
  • Այլընտրանքային բժշկություն

Ի՞նչ են վարակիչ հիվանդությունները

Մանրէներ կամ միկրոօրգանիզմներ հանդիպում են ամենուրեք՝ օդում, հողում, ջրում: Մանրէներ կան նաև մաշկի վրա և օրգանիզմում: Վարակիչ հիվանդություններն առաջանում են, երբ այդ փոքրիկ կենդանի օրգանիզմները թափանցում են օրգանիզմ և բազմանում: Մանրէները չափազանց փոքր են անզեն աչքով տեսնելու համար,  դրանցից շատերն անվնաս են, որոշները նույնիսկ օգտակար, բայց որոշակի պայմաններում մանրէները կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ: Որոշ վարակիչ հիվանդություններ կարող են փոխանցվել մարդուց մարդ, որոշները տարածվում են միջատների կամ այլ կենդանիների միջոցով: Վարակիչ  հիվանդություններով կարելի է հիվանդանալ  նաև աղտոտված կամ վարակված սննդի կամ ջրի միջոցով։

Որո՞նք են վարակիչ հիվանդություններ առաջացնող մանրէների տեսակները

Կան մանրէների չորս հիմնական տեսակներ՝ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր, մակաբույծներ, որոնք առաջացնում են վարակիչ հիվանդություններ։

  • Բակտերիաները միաբջիջ միկրոօրգանիզմներ են, որոնք շատ արագ բազմանում են։ Բակտերիաները կարող են արտանետել տոքսիններ, որոնք վնասակար քիմիական նյութեր են և կարող են առաջացնել վարակիչ հիվանդություններ։ Որոշ բակտերիաների հիվանդություն առաջացնելու ունակությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի դիմադրողականությունից։ Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքումը և միզուղիների վարակները տարածված բակտերիալ վարակներ են։
  • Վիրուսները փոքրիկ պարկուճներ են, որոնք պարունակում են գենետիկական նյութ (ԴՆԹ կամ ՌՆԹ)։ Հայտնվելով օրգանիզմում՝ վիրուսն ամրանում է բջջին և թափանցում ներս, որպեսզի կարողանա բազմանալ։ Գոյություն ունեն վիրուսների հսկայական քանակություն, որոնցից առավել հայտնի են գրիպը, հերպեսվիրուսները, կորոնավիրուսները, հեպատիտ A, B, C, ՄԻԱՎ-ը և այլն։ Վիրուսային վարակները կարող են ընթանալ անախտանիշ, բայց նաև կարող են առաջացնել ծանր հիվանդություններ։
  • Սնկերը պարզունակ բուսանման օրգանիզմներ են, ինչպիսիք են սնկերը, բորբոսը և խմորիչները։ Աթլետի ոտնաթաթը, խմորիչային վարակները տարածված սնկային վարակներ են։
  • Մակաբույծները կենդանիներ կամ բույսեր են, որոնք գոյատևում են՝ ապրելով այլ կենդանի օրգանիզմների մեջ կամ դրանց վրա։ Մալարիան և գլխի ոջիլները վարակներ են, որոնք առաջանում են մակաբույծներից։

Ինչպե՞ս կարող եք վարակիչ հիվանդություններով վարակվել

Կախված մանրէի տեսակից գոյություն ունեն վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու տարբեր եղանակներ։ Դրանք են՝

  • Անմիջական շփումը վարակված մարդու կամ կենդանու հետ։ Վարակիչ հիվանդությունը փոխանցվում է  համբույրի, հպման, փռշտոցի, հազի և սեռական հարաբերության միջոցով։ Հղի մայրը ևս կարող է որոշ մանրէներ փոխանցել պտղին։ Վարակված կենդանիների (նույնիսկ ընտանի) հետ անմիջական շփումը նույնպես կարող է մեծացնել հիվանդություններով վարակվելու ռիսկը։
  • Անուղղակի շփումը, երբ դիպչում եք մանրէներ կրող առարկայի։ Օրինակ, դուք կարող եք վարակվել մանրէներով, եթե դիպչեք դռան բռնակին, որին դիպչել է վարակված մարդը։
  • Միջատների կամ կենդանիների խայթոցները։ Մոծակները, ինչպես և լվերը, ոջիլներն ու տզերը, կարող են մանրէներ կրել և խայթոցների միջոցով փոխանցել դրանք մարդկանց:
  • Աղտոտված կամ վարակված սննունդը, ջուրը, հողը կամ բույսերը ևս հանդիսանում են վարակի աղբյուր։ Շատ բակտերիաներ առկա են հում կամ թերեփված սննդի մեջ կամ էլ չպաստերիզացված մրգահյութերում։

Վարակիչ հիվանդությունների ախտանիշները

Վարակիչ հիվանդությունների ախտանիշները շատ տարբեր են։ Որոշ վարակիչ  հիվանդություններ այնքան թեթև են ընթանում, որ կարող եք նույնիսկ չնկատել որևէ ախտանիշ, մինչդեռ մյուսները կարող են լինել կյանքին սպառնացող։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն ունի իրեն հատուկ ախտանիշները։ Սակայն որոշ հիվանդություններ ունեն ընդհանուր ախտանիշներ, ինչպիսիք են՝

  • ջերմությունը
  • արագացած սրտխփոցը
  • լուծը
  • հոգնածությունը
  • մկանային ցավերը
  • հազը
  • գիշերային քրտնարտադրությունը

Վարակիչ հիվանդությունների ախտորոշումը բազմափուլ գործընթաց է, որը ներառում է կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ հարուցչի տեսակը (բակտերիա, վիրուս, սունկ, մակաբույծ) ճշգրիտ որոշելու համար, ինչպես նաև ֆիզիկական զննում։

  • Կլինիկական զննում. Վարակված հիվանդը նախ անցնում է ֆիզիկական, ինչպես նաև կլինիկական զննում։ Վարակաբանը գնահատում է ախտանիշները, հիվանդության պատմությունը (անամնեզ) և համաճարակաբանական իրավիճակը։
  • Լաբորատոր հետազոտություններ. Շատ վարակիչ հիվանդություններ ունեն ընդհանուր ախտանիշներ: Հիվանդությունն առաջացնող կոնկրետ մանրէն բացահայտելու համար երբեմն անհրաժեշտ է իրականացնել օրգանիզմի կենսաբանական հեղուկների և նյութերի հետազոտություններ: Դրանք են՝
  • արյան հետազոտությունը
  • մեզի հետազոտությունը
  • կոկորդի քսուքները
  • կղանքի նմուշը
  • ողնաշարի պունկցիան։
  • Գործիքային հետազոտություններ. Ռենտգենաբանական և ուլտրաձայնային հետազոտությունները,  համակարգչային տոմոգրաֆիան և ՄՌՏ կօգնեն պարզելու ախտանշանների պատճառը։
  • Բիոպսիաներ. Բիոպսիայի ժամանակ հյուսվածքի փոքրիկ նմուշ է վերցվում ստուգման համար: Օրինակ, թոքային հյուսվածքի բիոպսիան կարող է բացահայտել տարբեր սնկերի առկայության մասին, որոնք կարող են առաջացնել թոքաբորբի որևէ տեսակ:

Վարակիչ հիվանդությունների բուժումը հիմնվում է հարուցչի վերացման (էթիոտրոպ թերապիա), ախտանիշների մեղմացման, ինչպես նաև դեղամիջոցների և մեծ քանակությամբ հեղուկների օգտագործման վրա:Վարակիչ հիվանդությունն առաջացնող կոնկրետ մանրէի բացահայտումը օգնում է ընտրել ճշգրիտ բուժումը, որը ներառում է  հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակասնկային և հակամակաբուծային դեղամիջոցներ: Մի շարք վարակների դեպքում, ինչպիսիք են վիրուսներից առաջացածները, կարելի է բուժել միայն հիվանդության ախտանիշները, քանի դեռ  իմունային համակարգը պայքարում է մանրէի դեմ:

  • Հակաբիոտիկներ

Հակաբիոտիկները դեղամիջոցներ են, որոնք բուժում են բակտերիաներից  առաջացած հիվանդությունները: Տարբեր տեսակի և խմբերի հակաբիոտիկները ազդում են բակտերիաների տարբեր տեսակների և խմբերի վրա։ Երբ հայտնաբերվում է վարակային հիվանդության հարուցիչը, հաջորդ քայլով բժիշկն ընտրում է այն հակաբիոտիկը, որն առավել արդյունավետ կերպով կբուժի հիվանդությունը: Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսներից առաջացած հիվանդությունների վրա: Սակայն, երբեմն դժվար է ասել, թե որ տեսակի մանրէն է գործում: Օրինակ, թոքաբորբ կարող է առաջանալ մանրէից, վիրուսից, սնկից կամ մակաբույծից:

Հակաբիոտիկների չարաշահումը ևս խնդիր է: Բազմաթիվ հակաբիոտիկներ դառնում են որևէ տեսակի բակտերիայի նկատմամբ նվազ արդյունավետ կամ լրիվ անօգուտ, երբ զարգանում է հակաբիոտիկի նկատմամբ կայունություն։  Այն  դժվարացնում է հիվանդության բուժումը:

  • Հակավիրուսային դեղամիջոցներ

Այս դեղամիջոցները կարող են բուժել որոշակի վիրուսներ: Օրինակ՝ այն վիրուսները, որոնք առաջացնում են.

  • COVID 19
  • ՄԻԱՎ
  • հերպես
  • Հեպատիտ Բ
  • Հեպատիտ C
  • գրիպ
  •  Հակասնկային դեղամիջոցներ

Տեղային հակասնկային քսուկները կարող են բուժել մաշկի կամ եղունգների վարակները, որոնք առաջացել են սնկերի պատճառով: Որոշ սնկային վարակներ, որոնք ազդում են թոքերի կամ լորձաթաղանթների վրա, կարող են բուժվել բերանային հակասնկային դեղամիջոցներով: Ավելի ծանր՝ ներքին օրգանների վարակները կարող են պահանջել հակասնկային դեղամիջոցներով ներերակային բուժում:

  • Հակապարազիտային դեղամիջոցներ

Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ մալարիան, առաջանում են փոքրիկ մակաբույծներից։ Այս մակաբույծները բնակվում են տիրոջ օրգանիզմում կամ օրգանիզմի վրա՝ սնվելով դրանց հաշվին։ Դեղերը կարող են բուժել մակաբույծներից առաջացած հիվանդությունները։ Այնուամենայնիվ, որոշ մակաբույծի տեսակներ կարող են առաջացնել հակապարազիտային դեղամիջոցների նկատմամբ կայունություն։

Վարակիչ հիվանդություններից առաջացող բարդությունները

Որոշ վարակիչ հիվանդություններ, օրինակ՝ սովորական մրսածությունը, առաջացնում են աննշան առողջական խնդիրներ: Բայց կան հիվանդություններ, օրինակ՝ թոքաբորբը և մենինգիտը, կարող են լինել կյանքին սպառնացող: Որոշակի վարակների դեպքում էլ մեծանում է հետագայում քաղցկեղի զարգացման ռիսկը։ Օրինակ՝

  • Մարդու պապիլոմավիրուսը կապված է արգանդի վզիկի քաղցկեղի հետ։
  • Helicobacter pylori-ն կապված է ստամոքսի քաղցկեղի և ստամոքսի խոցերի հետ։
  • B և C հեպատիտները կապված են լյարդի քաղցկեղի հետ։

Որոշ վարակիչ հիվանդություններ առաջացնող մանրէները կարող են դառնալ ոչ ակտիվ, սակայն հետագայում կրկին խնդիրներ առաջացնել։ Օրինակ՝ ջրծաղիկ տարած մարդու մոտ կարող է կյանքի ուշ շրջանում զարգանալ գոտևորող որքին (հերպես)։

Հնարավո՞ր է կանխարգելել վարակիչ հիվանդությունները

Հնարավոր է խուսափել բազմաթիվ վարակիչ հիվանդություններից, որի համար անհրաժեշտ է՝

  • պատվաստվել,
  • հաճախակի լվանալ ձեռքերը,
  • ուշադրություն դարձնել սննդի անվտանգությանը,
  • խուսափել վայրի կենդանիների հետ շփումից,
  • օգտագործել լատեքսային պահպանակ սեռական հարաբերությունների ժամանակ,
  • չկիսվել այնպիսի իրերով, ինչպիսիք են ատամի խոզանակները, սանրերը և ծղոտները,
  • մնալ տանը, երբ ի հայտ են գալիս հիվանդության ախտանիշներ (փսխում, լուծ  կամ ջերմություն),
  • ​​ բժշկի խորհուրդով իրականացնել անհրաժեշտ պատվաստումներ արտասահման ճանապարհորդելիս:

Այլընտրանքային բժշկություն

Այլընտրանքային բժշկության հետևորդները պնդում են որ իրենց արտադրանքները օգնում են պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են մրսածությունը և գրիպը: Որոշ վաղ ուսումնասիրություններ խոստումնալից արդյունքներ են ցույց տվել այս հարցում: Սակայն, հետագա ուսումնասիրությունները անհասկանալի արդյունքներ են արձանագրել: Այնուամենայնիվ որոշ արտադրանքներ, որոնք ուսումնասիրվել են վարակների կանխարգելման կամ հիվանդության տևողության կրճատման համար ներառում են լոռամիրգ, էխինացեա, սխտոր, ժենշեն, վիտամին C, վիտամին D, ցինկ:

 Անհրաժեշ է խորհրդակցել բժշկի հետ, նախքան ձեր իմունային համակարգը խթանող կամ մրսածությունն ու այլ հիվանդությունները բուժող որևէ արտադրանք փորձելը: Այդ արտադրանքներից մի քանիսը կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել կամ վատ փոխազդել ձեր ընդունած այլ դեղամիջոցների հետ: