Բժշկական սեղմագրերի հայկական հանդես
Գլխավոր խմբագրի կողմից
Հարգելի ընթերցող,
20-րդ դարը նշանավորվեց տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ, որը հանգեցրեց բժշկագիտության ու բժշկական կրթության հիմնարար հարցերի և սկզբունքների արմատական փոփոխությունների, ինչի վկայությունը «ապացույցների վրա հիմնված բժշկության» (Evidence based medicine) կամ «ապացուցողական բժշկություն» (ԱԲ) հասկացության երևան գալն է:
Առողջապահության համակարգի պետական անբավարար ֆինանսավորումը, տնտեսական ճգնաժամը, առողջապահական պետական մարմինների կողմից դեղագործական շուկայի պատշաճ վերահսկման բացակայությունը, բժշկական դիպլոմային ու հետդիպլոմային կրթության և բժիշկների մասնագիտական զարգացման հայեցակարգերի մշակման բնագավառում պետական քաղաքականության իրականացման անբավարարությունը, կրթական չափորոշիչների բացակայությունն ու տեղեկատվական գրագիտության բանիմացության ցածր մակարդակը հանգեցնում են նրան, որ այսօր ԱԲ ներդրումը Հայաստանի գործնական առողջապահության մեջ դարձել է հրամայական:
Մեր կարծիքով, յուրաքանչյուր նոր գաղափարի ներդրումը սկսվում է այդ նոր գաղափարի լուսաբանմամբ: Այդ իսկ պատճառով 2002թ. ձեռնամուխ եղանք ապացուցողական բժշկության հանդեսի՝ «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» (ԲՍՀՀ) ստեղծմանը:
Ի տարբերություն մյուս հրատարակվող բժշկական հանդեսների, ԲՍՀՀ-ն փորձում է ամփոփել հայրենական բժշկագիտության ոլորտում նորը, հրատապը և հավաստին: Միևնույն ժամանակ հանդեսի նպատակն է հայ բժիշներին ներկայացնել ԱԲ սկզբունքները, դրույթները և «ոսկե չափորոշիչները»:
ԲՍՀՀ-ն միամյա հանդես է, որի յուրաքանչյուր համարում արծարծվում են համաշխարհային բժշկական հանրությանը, առավել ևս հայրենական բժիշկներին հուզող հրատապ թեմաները: Դրանք ներառում են ԱԲ մեթոդաբանության, բժշկական կրթության, բժշկական բարոյագիտության և կենսաբարոյագիտության, բժշկության և առողջապահության չափորոշչավորման, կանխարգելիչ բժշկության, պաշտոնական և այլընտրանքային բժշկության զուգամիտության, ինչպես և կրիտիկական վիճակների բժշկության հարցերը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԲՍՀՀ-ի ինտերնետային տարբերակը: Ընթերցողի ժամանակը տնտեսելու, ինչպես նաև հեշտությամբ ընթերցելու նպատակով փորձել ենք առավելապես կրճատել տեքստերը՝ հնարավորինս պահպանելով հեղինակային ոճը: ԲՍՀՀ-ի էլեկտրոնային տարբերակից հանվել են նաև որոշ արտասահմանյան ամսագրերի հոդվածների սեղմագրեր, քանի որ դրանք հղումների միջոցով ամբողջական ֆորմատով ներկայացված են համապատասխան կայքերում:
ԲՍՀՀ-ն տպագրվում է Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ:
Ռուբեն Հովհաննեսյան
ԲՍՀՀ գլխավոր խմբագիր,
Էլ. փոստ. amrj@medlib.am